ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Վերափոխվող արաբական աշխարհ. արդի մարտահրավերներ. քննարկում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում
Վերափոխվող արաբական աշխարհ. արդի մարտահրավերներ. քննարկում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում

Ս.թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Վերափոխվող արաբական աշխարհ. արդի մարտահրավերներ» թեմայով միջազգային կլոր-սեղան քննարկումը, որին մասնակցեցին Բեյրութի Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԵՊՀ արաբագիտության ամբիոնի առաջատար մասնագետները:

Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը «Նոր իրավիճակ Մերձավոր Արևելքում և հայ համայնքների արդի հիմնախնդիրներ» թեմայի շրջանակում ներկայացրեց Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնյա համայնքների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շեշտադրելով հայ համայնքներում առկա հիմնահարցերը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը ներկայացրեց «Քրդերը վերափոխվող արաբական աշխարհում. հավակնություններ և իրողություններ» թեման: Նա անդրադարձավ տարածաշրջանում քրդերի դերին ու հավակնություններին, Սիրիայում ինքնավարություն ստեղծելու քաղաքականությանը, Իրաքում քրդական ինքնավարությունում ընթացող զարգացումներին:

Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գոռ Գևորգյանը «Մերձավոր Արևելքի անվտանգության նոր համակարգի ձևավորումը և ԱՄՆ-ի ռազմավարությունը» զեկուցմամբ վերլուծեց Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգը և դրա վերափոխությունն արտաքին ուժերի վարած քաղաքականության լույսի ներքո: Մերձավոր Արևելքն ապրում է իր պատմության վատագույն ժամանակներից մեկը, իսկ ավանդական անվտանգության համակարգը գահավիժել է:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը ««Արաբական գարուն-արաբական ձմեռ». աշխարհաքաղաքական գործոն» թեմայով զեկուցման ընթացքում շեշտեց, որ «Արաբական գարունը» վերաճեց արաբական ազգային պետությունների իրավակարգության (լեգիտիմության) ու դերի թուլացման և ոչ արաբական տարածաշրջանային ու արտատարածաշրջանային երկրների ազդեցիկ դերակատարության ավելացմանն ու միջամտությանը՝ այս կամ այն կերպ նպաստելով վերպետական տարբեր կրոնական, քաղաքական և ռազմական կառույցների ակտիվությանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը «Սաուդյան Արաբիայի միջազգային վարկանիշի անկումը և Ջամալ Խաշոկջիի սպանությունը» թեման ներկայացնելիս եզրահանգեց, որ վերափոխվող կամ կերպափոխվող արաբական աշխարհը, որտեղ չկա ոչ մի կայուն իրողություն, որը գտնվում է շարունակական ցնցումների մեջ, և Սաուդյան Արաբիայի շուրջ սկսված այս սկանդալը (Խաշողջիի սպանությունը Ստամբուլում սաուդական հյուպատոսարանում) նույնպես եկավ ամրապնդելու արաբական աշխարհում տիրող անորոշ իրադրությունների հետ կապված պնդումները:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ներկայացրեց «Ջիբութիի գործոնը գլոբալ նախագծերում» թեման: Քոչարյանը նշեց, որ Բաբ Ալ-Մանդեբ նեղուցը՝ որպես կոմունիկացիոն միջանցք, որը Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքաշրջանառության հիմնական հանգույցն է, շարունակելու է պահպանել իր ռազմավարական նշանակությունը՝ բարձրացնելով նեղուցի առափնյա երկրների՝ Ջիբութիի, Էրիթրեայի և Եմենի կարևորությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային խաղացողների համար։ Հաշվի առնելով Ջիբութիի և Էրիթրեայի միջև չլուծված տարածքային խնդիրները և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերի բաշխվածությունը՝ պետք է ակնկալել, որ հերթական «լարումը» լինելու է Բաբ Ալ-Մանդեբի շրջանում՝ արտահայտված Էրիթրեաջիբութիական հակասությունների սրման առերևույթ դրսևորմամբ, հնարավոր է նաև ռազմական բախումներ:

. title=
Copyright © 2008-2019; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)