ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
2019 թ․ նոյեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով...
«Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» միջազգային գիտաժողովի մասին

2019 թ․ նոյեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» խորագրով։ Գիտաժողովի կազմակերպմանը մեծապես աջակցել էր Եգիպտոսի Ազգային առաջնորդարանը, որի ջանքերով վերջին շրջանում հատկապես աշխուժացել են շփումները հայ և եգիպտացի հետազոտողների միջև։ Նշենք, որ գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար հետազոտողներ, Ռազմավարական հետազոտությունների եգիպտական կենտրոնի (Կահիրե), ինչպես նաև՝ «Ալ-Ահրամ» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Կահիրե) փորձագետներ, Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Վերապատվելի Փոլ Հայդոստյանը, ՀՀ պետական բարձրաստիճան այրեր, ՀՀ-ում հավատարմագրված արաբական մի քանի պետությունների դեսպաններ և դիվանագետներ, ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և ՀՀ այլ դիվանագետներ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գործընկերներ և Հայաստանի վերլուծական տարբեր կենտրոնների հետազոտողներ։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտողար Յուրի Սուվարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահա Դեսսուկին, Վերապատվելի Փոլ Հայդոստյանը։ Ելույթ ունեցողները կարևորեցին Հայաստանի և Մերձավոր Արևելքի, մասնավորապես արաբական երկրների հետ Հայաստանի բազմակողմ համագործակցության նշանակությունը։ Նշվեց, որ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն է, տարածաշրջանի հետ ունի աշխարհաղաքական և պատմական դարավոր կապեր։ Կարևորվեց ոչ միայն մերձավորարևելյան արդի հետազոտությունների նշանակությունը Հայաստանի համար, այլև Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կերպափոխվող Մերձավոր Արևելքում ընդհանուր անվտանգության համակարգի մշակման ու ձևավորման և ահաբեկչության դեմ պայքարի գործում։ Մասնավորապես առաջարկվեց Եգիպտոսի հետ խորացնել հարաբերությունները՝ համագործակցելով նաև միջազգային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։

Վերապատվելի Փոլ Հայդոստյանը շեշտեց, որ Մերձավոր Արևելքում ներկայումս տեղի ունեցող գործընթացների առանցքում չափազանց կարևորում է արդիական խորագրով այս գիտաժողովի անցկանումը Երևանում: Նա նշեց, որ Հայաստանը Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները պետք է դիտարկի երկու տեսանկյունով. 1. տարածաշրջանի տարբեր երկրներում՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս և այլն, հայ համայնքների գոյության և նրանց անվտանգության, ապա նաև 2. որպես պետական անկախ միավոր՝ Հայաստանի Հանրապետություն, որն արաբական մի շարք երկրների հետ ունի գործընկերային լայն, բազմակողմ համագործակցություն:

Իր ելույթում Մուհամմադ Իբրահիմը (Ռազմավարական հետազոտությունների եգիպտական կենտրոն, թեման՝ «Ահաբեկչության վերափոխումները Մերձավոր Արևելքում») անդրադարձավ ահաբեկչությանը դիմագրավելու Եգիպտոսի փորձին, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների արդի ռազմական, քաղաքական, գաղափարախոսական ու քարոզչական պատրաստվածությանը, որն անհամեմատ ընդլայնվել է նախորդ տարիների հետ համեմատած։ Նշվեց, որ Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումները գործում են միջազգային ահաբեկչությանը բնորոշ մեթոդաբանությամբ և գաղափախոսությամբ և շատ ընդհանուր եզրեր ունեն «Ալ-Կաիդայի» և «Իսլամական պետության» հետ։ Բանախոսն անդրադարձավ նաև «Ալ-Ազհար» համալսարանում գոյություն ունեցող ֆեթվաների կենտրոնին, որտեղ փորձ է արվում ուսումնասիրել ու սրբագրել անհանդուրժողականություն պարունակող ֆեթվաներն ու կրոնական ուղերձները՝ փորձելով վեր հանել դրանց բացասական նշանակությունն արմատական գաղափարների առաջացման ու տարածման գործում։

Արաքս Փաշայանը (Արևելագիտության ինստիտուտ, թեման՝ «Վերափոխվող Մերձավոր Արևելք․ հնարավորություններ ու մարտահրավերներ (հայացք Երևանից)») անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության համար մերձավորարևելյան ուղղության կարևորությանը՝ նշելով, որ տարածաշրջանում Հայաստանն ունի թե՛ մարտահրավերներ և թե՛ հնարավորություններ։ Բանախոսը նշեց, որ վերափոխվող Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր խնդիրներից է տեղի հայ համայնքների անվտանգությունը: Համայնքներ, որոնք արդի վերափոխման գործընթացների հետևանքով բախվել են բազմաթիվ սպառնալիքների հետ, որոնց լուծման համար կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

Մուհամմադ Մեգահեդ Ալ-Զայաթը (Ռազմավարական հետազոտություննների եգիպտական կենտրոն, թեման՝ «Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում») անդրադարձավ մերձավորարևելյան ներկա գործընթացներում Թուրքիայի ունեցած ապակառուցողական դերին, ինչպես նաև Թուրքիայի աջակցությանը միջազգային ահաբեկչությանը: Վերջինս հստակորեն ընդգծեց Թուրքիայի սերտ կապը «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ։ Անդրադարձ եղավ նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական վարքաբանությանը։ Նշվեց, որ Թուրքիայի կողմից միջազգային ահաբեկչությանը հովանավորելը որոշակի վտանգներ է պարունակում նաև Եգիպտոսի համար, որտեղ իշխանությունների առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է կանխել «Մուսուլման եղբայրների» և ջիհադական կառույցների կողմից Եգիպտոսի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները։

Ռուբեն Սաֆրաստյանը (Արևելագիտության ինստիտուտ, թեման՝ «Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը․ աշխարհաքաղաքական տեսադաշտ») ներկայացրեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները ժամանակագրական լայն ընդգրկամբ՝ սկսելով Մուստաֆա Աթաթուրքից։ Նա նշեց, որ Թուրքիան որոշակի հավակնություններ ունի հարևան պետությունների նկատմամբ դեռևս Օսմանյան կայսրության փլուզումից սկսած: Պարոն Սաֆրաստյանը տարբեր քարտեզների միջոցով մանրամասն վերլուծեց Թուրքիայի Հանրապետության մերձավորարևելյան քաղաքականության զարգացման առանձնահատկություններն ու դրանում տեղ գտած փոփոխությունները:

Լիլիթ Հարությունյանը (Արևելագիտության ինստիտուտ, թեման՝ «Ազգ-պետություն. նոր մարտահրավերներ կերպափոխվող արաբական աշխարհում») մանրամասն ներկայացրեց 2011 թ.-ից հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցող կերպափոխման գործընթացների պատճառներն ու հետևանքները՝ դրանք վերլուծելով արդի փուլում արաբական աշխարհում ազգ-պետությունների առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հեռանկարների առանցքում: Նա նշեց, որ «արաբական գարնան» հետևանքով ձևավորված մարտահրավերներն ի հայտ բերեցին ոչ միայն տարածաշրջանային առանձին կազմակերպությունների, մասնավորապես Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի ոչ արդյունավետությունը, այլև մի շարք արաբական պետությունների խոցելիությունը, որի հետևանքով փլուզվեցին տարածաշրջանում մինչ 2011 թ. առկա հակակշիռների զսպման մեխանիզմներն ու առկա հավասարակշռությունը: Տեղի ունեցան նաև աշխարհառազմավարական (geostrategic) փոփոխություններ: Մի շարք արաբական պետություններում լրջորեն խարխլվեց իրավակարգությունը (լեգիտիմությունը), տեղի ունեցան պետությունների սահմանների փոփոխություններ, որոնք ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ոչ տարածաշրջանային խաղացողների արաբական որոշ երկրների ներքին քաղաքական զարգացումներին անմիջական միջամտության հետևանք են։

Մուհամմադ Ֆայեզ Ֆարահաթը (Ռազմավարական հետազոտությունների եգիպտական կենտրոն, թեման՝ «Մերձավոր Արևելքի վերափոխման հիմնական միտումները») անդրադարձավ Մերձավոր Արևելքում վերափոխման արդի գործընթանցերի հետևանքով անվտանգության հին համակարգի փլուզմանը և նոր մեխանիզմների ձևավորման նորօրյա փորձերին, որոնք իրականացնում են տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Եգիպտոսը։ Նա խոսեց Եգիպտոսի նորօրյա դերակատարության, Եգիպտոս-Սաուդյան Արաբիա-Արաբական Միացյալ Էմիրություններ միջարաբական առանցքի ձևավորման մասին, որը կարող է դառնալ Մերձավոր Արևելքի ազգային անվտանգության ներկա իրավիճակը հավասարակշռող լուրջ գործոն։ Խոսվեց նաև Եգիպտոսի մասնակցությամբ մեկ այլ՝ Եգիպտոս-Հունաստան-Կիպրոս միջազգային առանցքի նշանակության ու կարևորության մասին։ Այս առնչությամբ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն առաջարկեց քննարկել նաև վերոնշյալ առանցքին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Տաթևիկ Մանուկյանը (Արևելագիտության ինստիտուտ, թեման՝ «Ինքնության դրսևորման առանձնահատկությունները քրդական հանրույթում»), անդրադարձավ քրդական հանրույթներում ինքնության տարբեր իրողություններին առնչվող խնդիրներին։ Քննարկվեց քրդական ինքնություններում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց առանձնահատկությունները, հղում արվեց Քրդական բանվորական կուսակցությանը, խոսվեց այդ կառույցի դերակատարության մասին ոչ միայն ազգային-ազատագրական շարժումներում, այլև վերցեղային-աշիրեթական՝ ազգային ինքնությունների ձևավորման հարցում։ Նշվեց նաև, որ ազգային ինքնության ձևավորումն ուղիղ կապ ունի նաև քրդական հանրույթներում և ազգային շարժումներում քուրդ կանանց նոր դերակատարության հետ։ Շեշտվեց, որ քրդերի շրջանում ինքնության դրսևորման հարցում լուրջ ազգեցություն ունի այն իրողությունը, որ քրդերն առ այսօր չունեն ազգային պետություն:

Գրիգոր Վարդանյանը (Արևելագիտության ինստիտուտ, թեման՝ «Հայաստանի մասնակցությունը Մերձավոր Արևելքի խաղաղապահ և մարդասիրական առաքելություններում») անդրադարձավ Հայաստանի զինված ուժերի մասնակցությանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես՝ Իրաքում և Լիբանանում, որը բարձր է գնահատվել միջազգային հանրության կողմից։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց նաև վերջին շրջանում Հայաստանի հումանիտար առաքելության գործունեությունը Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում։ Նշվեց, որ Հայաստանի հումանիտար առաքելության գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել սիրիական հասարակության շրջանում, և իրապես, դրական դեր է խաղում Սիրիայում բազմաթիվ շրջանների ականազերծման և Սիրիայի քաղաքացիներին ցույց տրված տարաբնույթ մարդասիրական, այդ թվում՝ առողջապահական ծառայությունների առումով։

Գիտաժողովի արդյունքների ամփոփումը նույնպես անցավ աշխույժ և կառուցողական մթնոլորտում։ Քննարկման մասում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը արժևորեց նման գիտաժողովների նշանակությունը Հայաստանի և Մերձավոր Արևելքի երկների միջև գիտական կապերի ընդլայնման հարցում՝ կարևորելով մասնավորապես համագործակցությունը եգիպտական կողմի և Ռազմավարական հետազոտությունների եգիպտական կենտրոնի հետ։ Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան պրն․ Ալ-Զաաբին, ով մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային անվտանգության համակարգի հավասարակշռությունը պահպանելու հարցում կարևորեց Սաուդյան Արաբիա-Եգիպտոս-Արաբական Միացյալ Էմիրություններ դաշինքի նշանակությունը՝ շեշտելով Արաբական Միացյալ Էմիրությունների դերը միջազգային ասպարեզում հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու հարցում։ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը կարևորեց Արևելագիտության ինստիտուտի նշանակությունը Հայաստանը և Մերձավոր Արևելքը կապող նման կարևոր գիտական միջոցառումների անցկացման գործում։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստան-Եգիպտոս կապերն ավելի կընդլայնվեն՝ ներառելով նաև համագործակցության նորանոր ոլորտներ։ Խոսք գնաց նաև Եգիպտոսի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին։

Գիտաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների եգիպտական կենտրոնի միջև, որը նոր հեռանկարներ և հնարավորություններ է ստեղծում հայ-եգիպտական գիտակրթական հարաբերությունների ակտիվացման և զարգացման համար։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)