“Southeast European and Black see studies” ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Արաքս Փաշայանի և Նազելի Նավասարդյանի «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020 թ․ պատերազմի համատեքստում․ Իսլամական համագործակցություն կազմակերպության դերը» հոդվածը, որն ունի գիտական, քաղաքական կարևոր և արդի նշանակություն։
Հոդվածում քննարկվում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության իսլամական ուղղության փոխակերպումները, դրա հիմնական շարժառիթներն ու նպատակները։ Լուսաբանվում է աշխարհիկ Ադրբեջանի՝ միջազգային իսլամական ընտանիքի մաս դառնալու խորքային պատճառները։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիայի աջակցությամբ Իսլամական համագործակցություն կազմակերպությանը (ԻՀԿ) անդամակցելուց հետո, կարճ ժամանակի ընթացքում, Ադրբեջանը դարձավ ԻՀԿ ամենաակտիվ անդամներից մեկը։ Անդամակցության հիմնական նպատակներից էր ստանալ իսլամական աշխարհի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և ՀՀ հետ հակամարտության հարցում։ Հոդվածում քննարկվում է մինչև 2020 թ․արցախյան պատերազմը, պատերազմի ընթացքում և հետպատերազմական փուլում իսլամական աշխարհի, մասնավորապես ԻՀԿ-ի կողմից Բաքվին ցուցաբերված բազմակողմ աջակցությունը, որը դրսևորվել է ՄԱԿ-ում Հայաստանի դեմ քվեարկություններով, ԻՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից ներդրված հակահայկական նարատիվները, Հայաստանի դեմ ընդունված բազմաթիվ կոշտ բանաձևերով, առանձին մուսուլմանական պետությունների՝ Երևանի դեմ արմատական դիրքորոշումներով։ Հայտնի է, որ ԻՀԿ անդամ առանձին ազդեցիկ պետություններ, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան՝ որպես իալամական աշխարհի շահերը պաշտպանող առաջատար պետություն, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու փաստով։ Իսլամական համերշախության գաղափարը ծառայեցվեց ադրբեջանական շահերին, որի շնորհիվ նաև ստացավ իսլամական աշխարհի քաղաքական և կրոնական վերնախավի զգալի աջակցությունը 2020 թ. արցախյան պատերազմում։ Անժխտելի է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ օգտագործեց իսլամական աշխարհի զգայուն թեմաները՝ ինչպես օրինակ, մզկիթների հարցը։ Այս համատեքստում, Ադրբեջանը ջանքեր գործադրեց իսլամական աշխարհում Հայաստանի դեմ բացասական մոտեցումներ և ընկալումներ ձևավորելու ուղղությամբ։ Ադրբեջանը արցախյան հարցն արտահանեց իսլամական աշխարհ՝ Հայաստանը ներկայացնելով որպես «ագրեսոր պետություն», որն իրականացրել է «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։
Հոդվածի հեղինակներին հաջողվել է կոնցեպտուալացնել Ադրբեջանի «իսլամական դիվանագիտությունը», ներկայացնելով դրա տեսական հիքմերը, գործիքակազմը և քննել իսլամական աշխարհում ադրբեջանական հայատյաց քաղաքականության կեղծարար բնույթն ու ազդեցությունների շրջանակը։
Հոդվածը հրատարկվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» 21АG-6A081 ծածկագրով ծրագրի շրջանակում։