ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժ․ 10։30 ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպում է «ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ․ ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:
Գիտաժողովին զեկույցներ կկարդան Չինաստանի գիտական առաջատար կենտրոնների հետազոտողներ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ ԱԻ պատվավոր գործընկեր Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների, Ազգագրության և մարդաբանության ինստիտուտներից, Ռենմինի համալսարանից, Պեկինի ավիացիայի և տիեզերագնացության համալսարանից: Գիտաժողովին հայկական կողմը ներկայացնում են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Բրյուսովի պետական համալսարանի հետազոտողները, ինչպես նաև Չինաստանի հետ համագործակցող առանձին կառույցների ներկայացուցիչներ:
Գիտաժողովը նվիրված է Չինաստանի արդիականացման գործընթացին, մասնավորապես Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա դրա ազդեցությանը, գլոբալ անվտանգությանը, միջազգային հարաբերություններում չինական տեսլականի, միջազգային տրանսպորտային միջանցքների և կապուղիների հիմնահարցերին: Գիտաժողովը հասցեագրված է Հայաստան-Չինաստան հարաբերությունների դինամիկային և համագործակցության զարգացման տարբեր դիտանկյուններին ևս:
Սիրով սպասում ենք բոլորիդ։
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ։
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, չինարեն, ռուսերեն, անգլերեն։
Գիտաժողովի ծրագիրը կցվում է։