Ս. թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Բրյուսովի պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ կազմակերպել էր «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը հասցեագրված էր Չինաստանի արդիականացմանը, որը Չինաստանի տեսլականն է միջազգային ներկա հարաբերություններին, գլոբալ անվտագության հիմնահարցերին ու համամարդկային զարգացմանն ու բարեկեցությանն առնչվող խնդիրներին: Մյուս կողմից, գիտաժողովը նպատակն ուներ քննության ենթարկել Հայաստան-Չինաստան հարաբերությունների դինամիկան, դրա թույլ ու ուժեղ կողմերը, ինչպես նաև՝ առկա միտումները: Գիտաժողովին մասնակցում էին Արևելագիտության ինստիտուտի գործընկեր Չինաստանի հումանիտար ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի, Ռենմինի համալսարանի, Ավիացիայի և տիեզերագնացության Պեկինի համալսարանի հետազոտողներ: Հայկական կողմից գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ԲՊՀ-ի, ՀՊՏՀ-ի հետազոտողներ, Չինաստանի հետ համագործակցող կառույցների ներկայացուցիչներ: Նախքան գիտաժողովի մեկնարկը, գիտաժողովին մասնակցելու նպատակով ԳԱԱ ժամանած ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ն. Գ. Չըն Մինին, դեսպանության պատվիրակությանը, ԲՊՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գ. Սարգսյանին և Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Զրույցն ընթացավ գիտական ոլորտում երկկողմ համագործակցության ներկա ընթացքի և հեռանկարի մասին:
Գիտաժողովի բացմանը Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանն անդրադարձավ գիտաժողովում քննարկվող հարցերին, դրանց գիտական և քաղաքական կարևորությանը, ժամանակակից աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների վրա Չինաստանի՝ որպես գերտերության աճող դերակատարությանը, չինական արդիականացման ներքին և արտաքին ասպեկտներին, միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի համար չինական տեսլականի կարևորությանը: Ողջույնի խոսք ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը, ով հանգամանորեն անդրադարձավ Արևելագիտության ինստիտուտի և Չինաստանի տարբեր գիտակրթական հաստատությունների, մասնավորապես Չինաստանի հումանիտար ակադեմիայի հետ հաջող համագործակցությանը: Նա նշեց, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցության ուղղությամբ շոշափելի քայլեր են արվել. կազմակերպվել են բազմաթիվ աշխատաժողովներ, տեղի են ունեցել փոխադարձ այցեր: Արևելագիտությանն ինստիտուտը շարունակել է աշխատել գիտական դիվանագիտության ուղղությամբ: Նա նշեց, որ ինստիտուտը հավակնում է դառնալ նաև ասիական, այդ թվում՝ Չինաստանի ուղղությամբ տարվող ուսումնասիրությունների առաջատար կենտրոններից մեկը: Տիկին Իսկանդարյանը կարևորեց նաև ՀՀ-ում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համագործակցությունը, խոսեց չինական մշակույթի նկատմամբ Հայաստանում գոյություն ունեցող հետաքրքրության աճի մասին: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ն. Գ. Չըն Մինը /ելույթը կցված է/ և ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Վահե Գևորգյանը /ելույթը կցված է/: ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության՝ Օրբելի կենտրոնի անունից գիտաժողովը ողջունեց Ջ. Մելիքյանը:
Գիտաժողովի մասնակիցներին հաջողվեց հետաքրքիր, ու բովանդակալից քննարկումներ ծավալել նշված խնդիրների շուրջ և մի շարք կառուցողական առաջարկներ անել Հայաստան-Չինաստան համագործակցության վերաբերյալ: