ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս․ թ․ նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպեց «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» խորագրով միազգային գիտաժողովը, որին առաջ անգամ զեկուցմամբ հանդես եկան եթովպիացի (Դարեսքեդար Թայե, Արտաքին հարաբերությունների ինստիտուտ, Ադիս Աբեբա) և սիրիացի (Համսա Ալ-Կասիր, Դամասոկոս, ԵՊՀ ասպիրանտ) հետազոտողներ ևս, նաև՝ միջազգային հարաբերությունների և անվտանգության գծով ամերիկյան ճանաչված մասնագետ Բահգաթ Գաուդաթը (Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, Վաշինգտոն)։

Բացելով միջոցառումը՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գ. Վարդանյանը նշեց, որ գիտաժողովն ունի ինչպես գիտական, քաղաքական ու կիրառական նշանակություն։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Նորա Արիսյանը։ Ընթերցվեց Մարոկկոյում, Թունիսում և Մավրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր Ն․ Գ․ Արշակ Փոլադյանի ուղերձը։ Ելույթ ունեցողները ևս արժևորեցին գիտաժողովի նշանակությունը ՀՀ արտաքին քաղաքականության առջև ծառացած հիմնախնդիրները գիտական հարթակում քննարկելու տեսանկյունից՝ հաշվի առնելով տարածաշրջանային ներկա կերպափոխումներն ու զարգացման միտումները։ ԱԻ տնօրենի ԺՊ Գ. Իսկանդարյանը խոսեց վերջին շրջանում ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրների տեսանկյունից գիտական դիսկուրսի ձևավորման հարցում Արևելագիտության ինստիտուտի ունեցած դերի և ինստիտուտի միջազգայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնեց Գ. Վարդանյանին և Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանին՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար։  

Գիտաժողովին ելույթ ունեցան ինչպեսս ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, այնպես էլ ԵՊՀ-ի,  ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային ակադեմիայի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետազոտողներ։     

Գիտաժողովը նպատակ ուներ դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հովանու ներքո քննարկել արդի փուլում Հարավային Կովկասի նոր ստատուս քվոն՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի դինամիկ  փոխակերպումների առանցքում։