ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հարկի տակ հյուրընկալեցինք Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությանը։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց Ղոլամ Ալի Հադդադ Ադելի գլխավորած պատվիրակաությանը և հույս հայտնեց, որ այս ճանաչողական այցի շրջանակներում կձևավորվեն գործնական կապեր, որոնք միտված կլինեն գիտության զարգացմանը։ Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց Ինստիտուտի անցած ճանապարհը և կառուցվածքը, նշեց համագործակցության հնարավոր ոլորտները։
Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ, Սաադիի հիմնադրամի նախագահ, Նպատակահարմարության խորհրդի անդամ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը նշեց, որ ուրախ է 18 տարի անց լինել Հայաստանում, և ավելացրեց, որ երկու կենտրոնների միջև վստահաբար կգտնվեն համագործակցության եզրեր՝ հատկապես պարսից լեզվի տարածման, գրականության ձեռք բերման, փոխայցելությունների տեսքով։ Նշելով Իրանում հայերի կարևոր ներկայության մասին, հատկապես գիտության ոլորտում՝ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը կարևորեց Իրանի և Հայաստանի միջև գիտական կապերի զարգացման խնդիրը։
Բարձրաստիճան պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Սաադիի հիմնադրամի՝ միջազգային կապերի հարցերով փոխնախագահ Սեյեդ Ալի Մուսավի Զադեն, ԻԻՀ ԱԳՆ Պարսկերեն լեզվի զարգացման համակարգման վարչության պետ Մեհդի Քարիմին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության հարցերով կցորդ Նեդա Ռաեֆիփուրը։
Ելույթով հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, ով նշեց որ իրանական կողմը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ, քանի որ կա նաև համագործակցության լավ հենք։
Բարձրաստիճան հյուրերին ընդունեց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ կառուցվածը և համագործակցության հնարավոր ուղղությունները։