
Սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Թեհրանի համալսարանի Կովկասի ինստիտուտի անդամ Մոհամմադ Խոշ Սաադաթին։ Հանդիպման սկզբում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը հյուրին ներկայացրեց Արևելագիտության ինստիտուտի կառուցվածքը, ինստիտուտում գործող բաժինները, գիտաշխատողների ուսումնասիրությունների շրջանակը։
Մոհամմադ Խոշ Սաադաթը կարևորեց Հայաստան-Իրան համագործակցության պոտենցիալը՝ հասարակական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա բացերը լրացնելու համար։ Երկուստեք ճանաչելիության աճի համար, պր-ն Մոհամմադ Խոշ Սաադաթը ընդգծեց ուսանողների փոխանակման ծրագրի կարևորությունը, գիտական, մշակութային կենտրոններ փոխայցելությունները և համատեղ հետազոտական ուսումնասիրությունների իրականացումը։ Իր խոսքում պր-ն Մոհամմադ Խոշ Սաադաթը Հայաստանը որակեց ռազմավարական գործընկեր և ընդգծեց տարածաշրջանում Իրանի «կարմիր գծերի» մասին։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն տիկին Գոհար Իսկանդարյանը փոխադարձ ճանաչողության համար կարևորեց կլոր սեղանների, կոնֆերանսների իրականացումը, ինչպես նաև համատեղ հոդվածներ գրելու միջոցով համագործակցության զարգացումը։