ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս.թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի կունենա միջոցառում, որի շրջանակներում գիտական գրականություն կնվիրաբերվի ՀՀ մարզային բուհերին։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ որպես առաջատար գիտական կենտրոն, կարևորում է գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը և գիտական արդյունքների հասանելիության ապահովումն ակադեմիական միջավայրում։ Գիտության տարածման և գիտակրթական կապերի ամրապնդման նպատակով Ինստիտուտը որդեգրել է քաղաքականություն, որն ուղղված է ոլորտի համահունչ զարգացմանը։

Այս քաղաքականության շրջանակում, Ինստիտուտի նախաձեռնությամբ, շուրջ 100 անուն գիրք կնվիրաբերվի Շիրակի, Գավառի, Վանաձորի և Իջևանի պետական համալսարաններին՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել ակադեմիական գրականությունը նաև Երևանի սահմաններից դուրս։

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու գիտնականներ, համալսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև կրթության և գիտության համակարգի այլ շահառուներ։