ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը ինստիտուտի հարկի տակ ընդունեց Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի (Institute of Russian, Eastern European and Central Asian Studies) պատվիրակությանը։

Ողջույնի խոսքում տնօրեն Գ. Իսկանդարյանը ներկայացրեց վերջին տարիներին ինստիտուտի կողմից իրականացված գիտահետազոտական ծրագրերն ու աշխատանքները, միջազգային համագործակցության շրջանակում կնքված պայմանագրերը, ինչպես նաև տարբեր երկրների գիտական կենտրոնների և համալսարանների հետ ձևավորված սերտ գործընկերային կապերը։

Իր խոսքում Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր Ջին Չժեն ներկայացրեց ինստիտուտի կողմից իրականացվող գիտահետազոտական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ կարևորելով ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցության զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում։ Նա բարձր գնահատեց երկու հաստատությունների միջև առավել զարգացող համագործակցությունը՝ ընդգծելով, որ սա 2025 թ․ ընթացքում երկու գիտական կենտրոնների միջև արդեն երրորդ հանդիպումն է։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը ներկայացրեց բաժնի գործունեությունը՝ գլխավոր շեշտը դնելով հայ–չինական գիտական համագործակցության խորացման, համատեղ նախաձեռնությունների ընդլայնման և ապագա ծրագրերի վրա։

Ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Լևոն Հովսեփյանը ներկայացրեց բաժնի գիտահետազոտական աշխատանքներն ու ուղղությունները՝ նախանշելով հետազոտական փոխգործակցության նոր հեռանկարներ և ուղղություններ Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի համապատասխան ստորաբաժանումների հետ։  

Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2026 թ. կազմակերպել համատեղ գիտաժողով, որի շրջանակում մասնագետները կքննարկեն Հարավային Կովկասի տարածաշրջանային  գործընթացները, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների ներգրավվածությունն ու ազդեցությունը։

Հանդիպման ավարտին Չինաստանի պատվիրակությունը շրջայց կատարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, ծանոթացավ գիտաշխատողների հետ, նրանց իրականացրած հետազոտություններին և ինստիտուտի գիտական ներուժին։

Հանդիպումն ու քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի միջև ձևավորված երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցության ռազմավարական բնույթը։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ գիտական գործունեությունը, խթանելու գիտական փոխանակումները, ինչպես նաև մշակել ու իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր գիտահետազոտական նախաձեռնություններ։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը շարունակելու է գիտահետազոտական և ակադեմիական ուղղություններով ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները՝ նպաստելով հայաստանյան արևելագիտության միջազգային ներկայացվածության ընդլայնմանն ու ամրապնդմանը։

Նշենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ԵՊՀ-ն և Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտը համատեղ կազմակերպել էին միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում՝ «Չինաստան–Հայաստան ռազմավարական գործընկերություն. ենթատեքստեր և հեռանկարներ» խորագրով։