ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը, հետևողականորեն առաջ մղելով գիտության համաչափ զարգացման իր ռազմավարական օրակարգը, 2025 թ. նոյեմբերի 28-ին նախաձեռնեց և կնքեց համագործակցության հուշագրեր Շիրակի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ։ Այս քայլը նպատակ ունի ստեղծել հետազոտական ու կրթական միասնական դաշտ, ընդլայնել մասնագիտական կապերը և ամրապնդել գիտության տարածման և հասանելիության հնարավորությունները Հայաստանի մարզերում։

Հուշագրերի ստորագրման նպատակն է կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ՝ գիտահետազոտական ու կրթական ծրագրերի իրականացման, ուսանողական և հետազոտական պրակտիկայի կազմակերպման, ինչպես նաև գիտական աշխատանքների ղեկավարում ու համաղեկավարում իրականացնելու ուղղություններով։

Արևելագիտության ինստիտուտը, հանդես գալով որպես համագործակցության գլխավոր նախաձեռնող և համակարգող կառույց, նպատակ ունի մարզային բուհերին ներգրավել իր գիտական ծրագրերում, ընդլայնել փոխայցելությունների, գիտական մրցույթների, համաժողովների և վերապատրաստումների շրջանակը։

Շիրակի պետական համալսարանի անունից փաստաթուղթը վավերացրեց ռեկտոր Երվանդ Սերոբյանը, կարևորելով կրթության և գիտության ոլորտների միջև կապերի ամրապնդումը և մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործումը։ Նա ընդգծեց, որ Արևելագիտության ինստիտուտի և ՇՊՀ գիտնականների համագործակցությունը նախատեսվում է զգալիորեն հզորացնել մագիստրոսական աշխատանքների հետազոտական բաղադրիչը։

Իր խոսքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շեշտեց, որ համագործակցությունը հնարավորություն կտա մարզային համալսարաններին օգտվել ոլորտի լավագույն մասնագետների գիտական ներուժից, ինչպես նաև ինստիտուտի հարուստ գիտական և մեթոդական գրականությունից։ Նա նշեց նաև, որ առաջիկայում ինստիտուտը կներառի գործընկեր համալսարաններին իր միջազգային գիտական հարթակներում։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից փաստաթուղթը վավերացրեց տնօրեն Մհեր Օթարյանը։ Նա կարևորեց համագործակցային պարտավորությունների ստանձնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով նման ձևաչափերի դերը գիտության տարածման ու զարգացման գործում։

Կնքված հուշագիրը նախատեսում է լայնածավալ ծրագրեր․ համատեղ գիտահետազոտական նախագծեր, հետազոտական արդյունքների հրատարակում, պրակտիկայի կազմակերպում և ղեկավարում, ասպիրանտական թեզերի ղեկավարում և համաղեկավարում, գիտական ու մեթոդական նյութերի մշակում և տրամադրում, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացում, դասախոսություններ, վարպետության դասեր, սիմպոզիումներ, սեմինարներ և այլ նախաձեռնություններ։

Գորիսի պետական համալսարանի անունից փաստաթուղթը վավերացրեց պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, ով փաստեց որ որակական փոփոխություն են ակնկալում այս հուշագրի կնքումով։ Բարձր գնահատելով նման նախաձեռնությունը նա նշեց որ Գորիսի պետական համալսարանի ուսանողները մեծապես կշահեն լսելով ոչ միայն իրենց դասախոսներին այլ նաև Արևելագիտության ինստիտուտի բարձր վարկանիշ ունեցող գիտնականների  դասախոսությունները։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը, անդրադառնալով համագործակցության նշանակությանը, ընդգծեց.
«Եթե Արևելագիտության ինստիտուտի ձեռքբերումները սահմանափակվեն միայն ինստիտուտի ներսում, դրանք առ ոչինչ են։ Երբ դրանք դարձնենք  հասանելի մարզային բուհերի համար ևս, մենք իրական քայլ  կկատարենք գիտության համաչափ զարգացման ուղղությամբ»։

Կողմերը վստահեցրին, որ գիտության և կրթության կապը, ինչպես նաև գիտական արդյունքի տարածման ու հասանելիության ապահովումը հնարավոր է միայն նմանատիպ համագործակցության հարթակների միջոցով։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը պատրաստակամ է շարունակել գործել որպես համակարգող գիտական կենտրոն՝ ձևավորելով միացյալ և ապագայամետ գիտական միջավայր։