
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Չինաստան–Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում երկխոսություն կառավարման փորձի փոխանակման վերաբերյալ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում գործող Կոնֆուցիոսի կենտրոնի ջանքերով։ Գիտաժողովը միտված էր Հայաստան–Չինաստան հարաբերությունների ներկա փուլում ռազմավարական երկխոսության խորացմանը և կառավարման փորձի փոխանակման հնարավորությունների քննարկմանը։
Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ վերջին տարիներին հայ–չինական հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ՝ բնութագրվելով քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, տնտեսական կապերի ընդլայնմամբ, ինչպես նաև կրթական, գիտական և մշակութային համագործակցության խորացմամբ։ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը մշտապես կարևորել է Չինաստանի և Արևելյան Ասիայի երկրների հետ գիտական համագործակցության զարգացումը՝ դիտարկելով չինագիտությունը որպես տարածաշրջանային և գլոբալ գործընթացների ընկալման առանցքային ուղղություններից մեկը։ Տնօրենը նաև կարևորեց Բրյուսովի անվան պետական համալսարանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համագործակցությունը, ինչպես նաև ընթացիկ քննարկումները՝ եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրման ուղղությամբ Արևելագիտության ինստիտուտի, Կոնֆուցիոսի ինստիտուտի և Հայաստանում գործող Հայ–չինական բարեկամության դպրոցի միջև։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորելու «դպրոց–բուհ–գիտահետազոտական համակարգ» շարունակական համագործակցային շղթա՝ խթանելով չինագիտության ոլորտում մասնագետների պատրաստումը։
Գիտաժողովի ընթացքում Արևելագիտության ինստիտուտից ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը՝ ներկայացնելով հայ–չինական հարաբերությունների արդի զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային ու միջազգային գործընթացների վրա։


