
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը հանդիպում ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Արևելագիտության ինստիտուտի և Վանաձորի պետական համալսարանի միջև գիտական և կրթական համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց համատեղ գիտական ծրագրերի իրականացմանը, փոխայցելությունների կազմակերպմանը, գիտական մրցույթների, համաժողովների և վերապատրաստումների շրջանակի ընդլայնմանը։
Գոհար Իսկանդարյանը ընդգծեց, որ Արևելագիտության ինստիտուտը կարևորում է մարզային բուհերի ներգրավումը իր գիտական նախաձեռնություններում և պատրաստ է զարգացնել բազմաբևեռ համագործակցությունը ։
Իր հերթին Արմեն Ծատուրյանը բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել մարզային բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը, ինչպես նաև գիտական ներուժի արդյունավետ համադրմանը։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը, հետևողականորեն առաջ մղելով գիտության համաչափ զարգացման իր ռազմավարական օրակարգը, դեկտեմբերի 18-ին կնքեց համագործակցության հուշագիր Վանաձորի պետական համալսարանի հետ։


