ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թվականին Օքսֆորդում լույս է տեսել «Արամազդ․ Մերձավորարևելյան ուսումնասիրությունների հայկական հանդես»-ի XIX համարը, որը հրատարակվել է Առաջավորասիական և Կովկասյան հետազոտությունների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ։ Հանդեսի հերթական թողարկումը կարևոր և նշանակալի իրողություն է հայկական հումանիտար գիտության համար՝ վկայելով միջազգային գիտական հարթակներում հայկական հնագիտության, պատմության և արևելագիտության կայուն ներկայության և ճանաչման մասին։

«Արամազդ» հանդեսը վաղուց արդեն հաստատվել է որպես բարձր գիտական չափանիշներով աչքի ընկնող միջազգային պարբերական, որն իր շուրջն է համախմբում առաջատար մասնագետների՝ հնագիտության, հին և միջնադարյան պատմության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունների ուսումնասիրության ոլորտներից։ Հանդեսի հրապարակումները ոչ միայն արտացոլում են արդի հետազոտական միտումները, այլև նպաստում են տարածաշրջանային և համեմատական ուսումնասիրությունների զարգացմանը՝ հայկական գիտական միտքը ներդնելով համաշխարհային գիտական շրջանառության մեջ։

Հրատարակությունը առանձնանում է խմբագրական բարձր պատասխանատվությամբ, ինչը մեծապես պայմանավորված է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ա․ Քոսյանի և նույն բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ե․ Գրեկյանի հետևողական ու նպատակասլաց գործունեությամբ։

Ա․ Քոսյանի և Ե․ Գրեկյանի բազմամյա գիտական փորձը, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցությունների շրջանակում ձեռք բերած հեղինակությունը, էական դեր են խաղացել հանդեսի շարունակական զարգացման և հեղինակության ամրապնդման գործում։