ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս/թ դեկտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ «Ադրբեջանի արտաքին քաղաքականության ու քարոզչական ռազմավարության առանձնահատկությունները և նոր միտումները» թեմայով աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի՝ «Ժամանակակից Ադրբեջանի կիրառական ուսումնասիրություններ» դրամաշնորհային ծրագրի (ծածկագիր՝ 24LCG-6A016) շրջանակներում։ Աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան հետազոտական խմբի անդամներ բ.գ.թ., դոցենտ Արտյոմ Տոնոյանը և պ.գ.թ․ Էրիկ Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի քարոզչության առանձնահատկություններին և հեռանկարային միտումներին, ինչպես նաև 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական վարքի ընկալումների փոփոխություններին վերաբերող խնդիրները, որոնք ներկայումս գտնվում են ակադեմիական ուսումնասիրության գործընթացում։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվեցին Ադրբեջանի արտաքին ու ներքին քաղաքականության փոխկապվածությանը, քարոզչական ռազմավարությանը, ինչպես նաև հետագա հնարավոր զարգացումներին առնչվող մի շարք խնդիրներ, վեր հանվեցին և ուրվագծեցին ակադեմիական և կիրառական տեսանկյունից կարևորություն ներկայացնող թեմաներն ու հարցադրումները։