ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի ապրիլի 17-ին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի հրավերով ինստիտուտում հյուրընկալվեց Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանը։

Աշխատանքային հանդիպումը նվիրված էր Արևելագիտության ինստիտուտի գիտահետազոտական գործունեության միջազգային տեսանելիության և մրցունակության բարձրացման ռազմավարական խնդիրներին։

Հանդիպման առանցքային ուղղություններից մեկը վերաբերում էր ինստիտուտի աշխատակիցների կողմից Scopus և Web of Science շտեմարաններում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հրապարակումների խրախուսմանն ու դրանց արդյունավետության գնահատման մեխանիզմների ձևավորմանը, ինչը միտված է գիտական արտադրանքի որակի և ազդեցության բարձրացմանը։

Մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն դարձրին ինստիտուտի «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» գիտական հանդեսի՝ Scopus գիտաչափական համակարգում ներառման հեռանկարներին։ Քննարկվեցին միջազգային ինդեքսավորման չափանիշները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումները և այն քայլերը, որոնք կարող են ապահովել հանդեսի համապատասխանությունը ակադեմիական միջազգային չափորոշիչներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Scopus և Web of Science շտեմարաններում գիտական հոդվածների հրապարակման ընթացակարգերին, հրապարակման ռազմավարություններին և ակադեմիական հաղորդակցության ժամանակակից գործիքակազմին, ինչը կարևոր նշանակություն ունի գիտաշխատողների միջազգային ինտեգրման և գիտական արդյունքների լայն տարածման տեսանկյունից։