
Ապրիլի 21-ին Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնում տեղի ունեցավ մասնագիտական փորձագիտական փակ քննարկում՝ նվիրված Մերձավոր Արևելքում ընթացող խորքային վերաձևավորումներին։ Քննարկման կենտրոնական թեման Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող զարգացումներն էին և դրանց բազմաշերտ ազդեցությունները տարածաշրջանային անվտանգության ու քաղաքական գործընթացների վրա։
Քննարկման հիմնական բանախոսներն էին ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը։ Գոհար Իսկանդարյանը հանգամանորեն անդրադարձավ Իրանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին՝ առանձնացնելով ընթացիկ միտումները և դրանց հնարավոր ազդեցությունները տարածաշրջանային ուժային հավասարակշռությունների վրա։
Լիլիթ Հարությունյանը վերլուծեց Լիբանանի ուղղությամբ զարգացող գործընթացները՝ դրանք դիտարկելով Իրան–Իսրայել հակամարտության լայն տարածաշրջանային համատեքստում։ Նրա խոսքով՝ այդ զարգացումները էական ազդեցություն ունեն Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետության վրա։
Քննարկմանը մասնակցում էին ինստիտուտի գիտական կազմի ներկայացուցիչներ՝ այդ թվում ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը, առաջատար գիտաշխատող Արամ Գասպարյանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանը, Իրանի բաժնի ավագ գիտաշխատող Արտյոմ Տոնոյանը, ինչպես նաև Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի գիտաշխատող Գեորգի Միրզաբեկյանը, ինստիտուտի գիտական կազմի այլ ներկայացուցիչներ։
Քննարկմանը հրավիրված էին նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և ԱՊՐԻ Արմենիաի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը, ովքեր ներկայացրին իրենց վերլուծական գնահատականները տարածաշրջանում ձևավորվող իրադրության վերաբերյալ։
Քննարկման ընթացքում մասնակիցները փոխանակվեցին մասնագիտական կարծիքներով, անդրադարձան հակամարտության խորքային պատճառներին և դրա հնարավոր զարգացման ուղիներին՝ հիմնական շեշտադրումը դնելով այն հանգամանքի վրա, որ այս պահին խնդրի լուծման տարբերակը իրավիճակի սառեցումն է, քանզի կողմերից ոչ մեկը պատրաստ չէ անել էական զիջումներ։


