
Բարձր գնահատելով Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Քոսյանի երկարամյա և արգասաբեր գիտական գործունեությունը` խեթագիտության և Հին աշխարհի պատմության ուսումնասիրության բնագավառում՝ Արևելագիտության ինստիտուտը ջերմորեն շնորհավորում է Արամ Քոսյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ։
Ձեր բազմամյա ուսումնասիրությունները խեթական աղբյուրների, լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ էական ներդրում են ոչ միայն հայաստանյան արևելագիտական դպրոցի զարգացման, այլև միջազգային գիտական մտքի առաջընթացի գործում։ Ձեր աշխատությունները զգալիորեն նպաստել են խեթագիտության արդի հիմնախնդիրների գիտական վերաիմաստավորմանը։
Հատկանշական է, որ Ձեր գիտական գործունեությունը մշտապես հիմնված է եղել ակադեմիական անաչառության, սկզբունքայնության և բարձր մասնագիտական պատասխանատվության վրա։ Միաժամանակ Դուք առանձնակի հետևողականությամբ առաջնահերթություն եք տվել այն գիտական ուղղություններին, որոնք առանցքային նշանակություն ունեն հայագիտության, պատմագիտության և հայրենական արևելագիտական մտքի զարգացման տեսանկյունից։ Ձեր գործունեությունը կարևոր դեր է ունեցել հայաստանյան խեթագիտական դպրոցի ձևավորման և կայացման գործընթացում, իսկ Ձեր կրթած երիտասարդ հետազոտողների սերունդը հանդիսանում է այդ գիտական ավանդույթի շարունակականության լավագույն վկայությունը։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ, գիտական նորանոր ձեռքբերումներ և շարունակական արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ խեթագիտության, հայագիտության և արևելագիտության հետագա զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման։


