ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

Ս․թ․ հունիսի 12–13-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ «Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ․ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը գլոբալ վերադասավորումների պայմաններում» խորագրով աշխատաժողովը։ Այն կազմակերպվել էր Արևելագիտության ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ մարզային բուհերի հետ իրականացվող գործընկերային ծրագրի շրջանակներում։

Աշխատաժողովի գլխավոր նպատակն էր խթանել ակադեմիական գիտելիքի տարածումը, ամրապնդել գիտակրթական համագործակցությունը և ստեղծել մասնագիտական երկխոսության հարթակ տարածաշրջանային ու միջազգային արդի զարգացումների շուրջ։ Այս համատեքստում միջոցառումն իրագործեց կարևոր կրթական առաքելություն. ակադեմիական բանախոսությունները մատչելի ձևաչափով ներկայացվեցին ուսանողական լսարանին՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունն աշխարհաքաղաքական հետազոտությունների նկատմամբ, ինչպես նաև խրախուսել նրանց ակտիվ ներգրավվածությունը գիտական կյանքում։ Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գևորգյանը, որից հետո ծրագրի համակարգող Արաքս Փաշայանը ներկայացրեց աշխատաժողովի օրակարգն ու հիմնական նպատակները։

Երկօրյա նիստերի ընթացքում ներկայացված փորձագիտական վերլուծություններն ու զեկույցները համակարգված էին չորս առանցքային պանելային ուղղություններով։ Գիտական քննարկումների առանցքում էին գլոբալ ուժային կենտրոնների մրցակցությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, փոփոխվող աշխարհակարգում փոքր պետությունների դիմակայունության ու արտաքին քաղաքական ռազմավարությունների հիմնախնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի փոխակերպումները, հարևան երկրների ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու տարածաշրջանային նոր կապակցվածության ձևավորումը։  Այս հիմնահարցերի շուրջ իրենց մասնագիտական վերլուծություններն ու հետազոտությունները ներկայացրեցին Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ Գոհար Իսկանդարյանը, Արաքս Փաշայանը, Լևոն Հովսեփյանը, ավագ գիտաշխատողներ Նարեկ Գալստյանը, Մուշեղ Ղահրիյանը, Նազելի Նավասարդյանը, Արտյոմ Տոնոյանը և գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը։ Որպես գիտակրթական գործակցության արդյունավետ դրսևորում՝ զեկուցումներով հանդես եկան նաև Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանն ու  դասախոս Սուրեն Թադևոսյանը։  Գիտական զեկույցներից բացի, միջոցառումը ներառում էր նաև գործնական-ուսուցողական բաղադրիչ։ Աշխատաժողովի շրջանակներում կազմակերպված ինտերակտիվ սիմուլյացիոն խաղը միտված էր ուսանողների և երիտասարդ մասնագետների գործնական հմտությունների զարգացմանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց միջազգային հարաբերությունների վերլուծության գործիքակազմի կիրառմամբ դիտարկել որոշումների կայացման տարբեր ռազմավարություններ։  Սիմուլիացիոն խաղը իրականացրեց Օրբելի վերլուծական կենտրոնի աշխատակից Արմեն Պետրոսյանը։ Աշխատաժողովը հնարավորություն տվեց մասնակիցներին փոխանակել մասնագիտական տեսակետներ, վերլուծել տարածաշրջանային զարգացումների միտումները և քննարկել Հայաստանի համար դրանցից բխող հնարավորություններն ու ռիսկերը։ Բովանդակալից քննարկումները վկայեցին նման ձևաչափի միջոցառումների կարևորության մասին՝ գիտակրթական համագործակցության խորացման և հանրային-փորձագիտական երկխոսության խթանման տեսանկյունից։