ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

Ս․թ․ հունիսի 12-ին Արևելագիտության ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (FES) հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը վավերացրեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գևորգյանը։

Հուշագրի ստորագրման արարողությունը կայացավ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում (ՎՊՀ)՝ «Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ․ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը գլոբալ վերադասավորումների պայմաններում» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման նիստի շրջանակներում, որն իրականացվում է մարզային բուհերի հետ գիտակրթական գործընկերության ընդլայնման ծրագրի ներքո։

Այս փաստաթուղթը որակական նոր փուլ է բացում երկու կառույցների միջև երկարաժամկետ ու համակարգված փոխգործակցության համար։ Հուշագրի հիմնական նպատակներն են՝ խթանել տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումների շուրջ համատեղ հետազոտական ու վերլուծական ծրագրերի իրականացումը, ստեղծել մասնագիտական երկխոսության միջավայր, որը կնպաստի հանրային-փորձագիտական խոսույթի զարգացմանը, ամրապնդել գիտակրթական համագործակցությունը մարզային բուհերի հետ՝ ապահովելով ակադեմիական գիտելիքի հասանելիությունն ու տարածումը։

Կողմերն ընդգծեցին, որ համագործակցության այս նոր ձևաչափը հնարավորություն կտա մեկտեղել Արևելագիտության ինստիտուտի ակադեմիական ու վերլուծական ներուժն ու հիմնադրամի կազմակերպչական հնարավորությունները։ Սա, իր հերթին, կնպաստի Հայաստանում արևելագիտական զարգացման, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ու ուսանողության ակտիվ ներգրավմանը գիտական կյանքում։