ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

Սույն թվականի հունիսի 23-ից 25-ը Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոցում (SOAS University of London) տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի հետազոտությունների բրիտանական ընկերակցության (BRISMES) միջազգային գիտաժողովը: Այն համարվում է Մեծ Բրիտանիայում ոլորտի գիտնականների, փորձագետների և հետազոտողների ամենամեծ ու հեղինակավոր ամենամյա հարթակը:

Միջազգային այս հեղինակավոր գիտաժողովին մասնակցել են Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչները՝ ի դեմս ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանի և Արաբական երկրների բաժնի կրտսեր գիտաշխատող Հրաչուհի Թուրվանդյանի։

BRISMES 2026 գիտաժողովի գլխավոր խորագիրն էր՝ «Պատերազմ, կայսրություն և սաբոտաժ ցեղասպանության դարաշրջանում» (War, Empire and Sabotage in an Age of Genocide): Գիտաժողովի քննարկումների առանցքային ու գլխավոր թեման Պաղեստինն էր և Գազայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները։ Այս համատեքստում մասնակիցները քննարկել են միջազգային իրավունքի արդի ճգնաժամը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) տարածաշրջանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները, կայսերական ազդեցություններն ու դիմակայության ձևերը:

Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչները հանդես են եկել գիտական զեկույցներով.

Ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ  Գոհար Իսկանդարյանը ներկայացրել է զեկույց՝ «War Without Frontlines: External Economic Pressure in Iran as a Factor in the Reconfiguration of State–Society Relations» («Պատերազմ առանց ճակատների». արտաքին տնտեսական ճնշումերն Իրանում որպես պետություն-հասարակություն հարաբերությունների վերակառուցման գործոն) թեմայով: 2000-2023 թթ. իրանական մամուլի և քաղաքական ու տնտեսական ցուցիչների մոնիթորինգի հիման վրա հեղինակը վերլուծել է, թե ինչպես է տնտեսական ճնշումների, սաբոտաժի և տեղեկատվական պատերազմի այս ձևաչափն ազդում Իրանի ներքին քաղաքականության դինամիկայի վրա:

Արաբական երկրների բաժնի կրտսեր գիտաշխատող Հրաչուհի Թուրվանդյանը հանդես է եկել զեկույցով՝ «Empire, War and the Marginalisation of Palestine in Gulf Regional Policy» (Կայսրություն, պատերազմ և Պաղեստինի մարգինալացումը Ծոցի տարածաշրջանային քաղաքականության մեջ) թեմայով: Իր զեկույցում Հ. Թուրվանդյանն անդրադարձել է 21-րդ դարի առաջին քառորդում Ծոցի արաբական երկրների տարածաշրջանային քաղաքականության մեջ պաղեստինյան հարցի կերպափոխումներին՝ վերլուծելով, թե ինչպես են կայսերական տրամաբանությունը, անվտանգային նոր կառուցվածքներն ու «Աբրահամյան համաձայնագրերը» նպաստել պաղեստինյան հարցի դուրսմղմանը Ծոցի երկրների ռազմավարական առաջնահերթություններից: Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Գազայի ճգնաժամի համատեքստում Ծոցի կառավարությունների որդեգրած քաղաքականությանը, անվտանգային նարատիվներին և հումանիտար խոսույթի ապաքաղաքականացման միտումներին: (Կրտսեր գիտաշխատող Հրաչուհի Թուրվանդյանի մասնակցությունը ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից):

Գիտաժողովի շրջանակներում Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են նաև պանելային քննարկումներին և մտքեր փոխանակել առաջատար հետազոտողների հետ։ Միջազգային այս հարթակում ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությունը կարևոր քայլ էր միջազգային առաջատար հետազոտական կենտրոնների հետ կապերի ամրապնդման և հետագա գիտական համագործակցության հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից: