
Ս/թ․ հունիսի 22-ին Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ ժամանակակից Ադրբեջանի ուսումնասիրությունների միտումների և հեռանկարների վերաբերյալ աշխատաժողով, որին մասնակցում էր Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի հասարակական գիտությունների դեպարտամենտի ավագ հետազոտող, պրոֆեսոր Անսգար Յոդիշը։ Աշխատաժողովի ժամանակ ներկայացվեցին ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ֆինանսավորվող «24LCG-6A016» ծածկագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները, ընթացիկ աշխատանքներն ու հեռանկարային պլանները, ինչպես նաև միջազգային համագործակցության հեռանկարները։ Հետազոտական խմբի ղեկավար Լևոն Հովսեփյանը նշեց, որ հետազոտություններն իրականացվում են ըստ մոդելավորված երեք համալիրների, որոնք վերաբերում են ներքին, արտաքին քաղաքական և անվտանգային հիմնախնդիրներին, որոնք ընդգրկում են բավական լայն շրջանակ՝ ինքնության, գաղափարախոսության խնդիրներից մինչև ռազմական համագործակցության ոլորտներ։ Ծրագրի արտաքին գործընկեր, պրոֆեսոր Ա․ Յոդիշը հեռանկարային համարեց հետագայում ինստիտուտի հովանու ներքո խմբի ձևավորած արդյունքների հիման վրա Ադրբեջանի ուսումնասիրությունների լաբորատորիայի կամ բաժնի ստեղծումը՝ որպես ինստիտուցիոնալ ակադեմիական հարթակ՝ երկարաժամկետ ու արդյունավետ հետազոտությունների իրականացման համար։


