
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում երկու հաստատությունների միջև գիտական և կրթական համագործակցության խորացման ու զարգացման համար։
Ողջունելով համագործակցության մեկնարկը՝ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ այն կնպաստի գիտակրթական կապերի ամրապնդմանը, համատեղ նախաձեռնությունների ընդլայնմանն ու նոր ծրագրերի իրականացմանը։ Նրա խոսքով՝ Արևելագիտության ինստիտուտը կարող է դառնալ արդյունավետ գիտահետազոտական հարթակ համալսարանի մագիստրանտների և շրջանավարտների մասնագիտական զարգացման համար։ Ինստիտուտի տնօրենը նաև առաջարկեց կազմակերպել բաց դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ և այլ համատեղ միջոցառումներ։ Այդ համագործակցության առաջին դրսևորումներից է հունիսի 29-ին նախատեսված աշխատաժողովը՝ նվիրված եգիպտահայ անվանի ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությանը։
Լիլիթ Մկրտչյանը համագործակցության հուշագրի ստորագրումը գնահատեց որպես կարևոր և հեռանկարային քայլ՝ ընդգծելով, որ Մանկավարժական համալսարանը մշտապես կարևորել է գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ կրթությունն ու գիտությունը փոխկապակցված ոլորտներ են, որոնց զարգացումն անհնար է պատկերացնել միմյանցից անկախ։
Հուշագրով նախատեսվում է համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, սեմինարների, թեմատիկ քննարկումների և գիտաժողովների կազմակերպում, ինչպես նաև գիտական և մեթոդական գրականության փոխանակում։ Կողմերը կհամագործակցեն նաև ուսանողների գիտակրթական պրակտիկայի կազմակերպման, հրատարակչական գործունեության զարգացման և միջազգային գիտաժողովներին համատեղ մասնակցության ուղղություններով։


