ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

Ս. թ. հունիսի 29-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ եգիպտահայ հասարակական գործիչ և երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանին նվիրված «Երկու հայրենիքների միջև․ Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» խորագրով միջոցառումը։ Այն իր ձևաչափով առաջինն էր և համախմբել էր եգիպտացի ու հայ դիվանագետների, պատմաբանների, մեդիա ներկայացուցիչների, հասարակական գործիչների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի և ազգային կառույցների ներկայացուցիչների։ Մասնակիցների թվում էր նաև Ալեքսանդր Սարուխանի թոռնուհին՝ Սիլվա Ներետյան-Փլադյանը։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։ Նա կարևորեց Ինստիտուտի կողմից իրականացվող գիտամշակութային նախաձեռնությունների դերն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են գիտության հանրայնացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։ Իսկանդարյանը նաև արժևորեց վերջին տարիներին Ինստիտուտի կողմից հանրային դիվանագիտության ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքը։ ԱԻ միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, ով նաև միջոցառման գաղափարի հեղինակն ու համակարգողներից է, նշեց, որ Ալեքսանդր Սարուխանը կամուրջ է Հայաստան-Եգիպտոս և Հայաստան-արաբական աշխարհ հարաբերություններում։ Նրա խոսքով՝ միջոցառման նպատակն է՝ ներկայացնել Սարուխանին ոչ միայն որպես երգիծանկարիչ և Եգիպտոսում քաղաքական երգիծանկարչության հիմնադիր, այլև որպես հանրային դիվանագիտության նշանակալի օրինակ։ Փաշայանը հավելեց, որ եթե Եգիպտոսում Ալեքսանդր Սարուխանին նվիրված միջոցառումներ պարբերաբար են անցկացվում, ապա Հայաստանում նման նախաձեռնությունների պակաս կա, իսկ բացը լրացվում է նման նախաձեռնությամբ:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին և հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների ու Հայաստան-Եգիպտոս բազմակողմ կապերի հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտության մասին խոսեցին  ՀՀ-ում Եգիպտոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ Ամալ Աֆիֆին և Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2004-2009) Ռուբեն Կարապետյանը, ով ներկայացրեց նաև իր պաշտոնավարման շրջանում Ալեքսանդր Սարուխանի գործը հանրայնացնելու ուղղությամբ կատրաված աշխատանքները:   Ալեքսանդր Սարուխանի թոռնուհին՝ Սիլվա Ներետյանը, ներկայացրեց Ալեքսանդր Սարուխանի կենսագրության և գործունեության հիշարժան կողմերը, Խորհրդային Հայաստանի հետ Սարուխանի ունեցած առնչությունները, Սարուխանի ժառանգության պահպանությանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև իր անձնական հուշերը։ Իր ելույթում եգիպտացի հայագետ, պատմաբան Մոհամեդ Ռեֆաաթը հանգամանալից ներկայացրեց Ալեքսանդր Սարուխանի գործունեությունը եգիպտական խորապատկերում՝ անդրադառնալով մեծ արվեստագետի վերաբերյալ Եգիպտոսի կառավարության և հասարակության դիրքորոշմանը՝ նշելով, որ Սարուխանը բարձր գնահատանքի է արժանացել իր ապրած ժամանակներում: Եգիպտական ՛՛ալ-Հայաթ՛՛ հեռուստատեսության հաղոդավար Սաֆաա Էլ Սայեդը և եգիպտացի ռեժիսոր ու կինովավերագրող Էսսամ Նագին մեծապես կարևորեցին ծագումով հայ Ալեքսանդր Սարուխանի դերը Եգիպտոսում հասարակական մտքի զարգացման գործում, որի յուրօրինակ արվեստը թեև ի նպաստ դրվեց Եգիպտոսում, բայց ծառայեց նաև հայ մշակույթի զարգացմանը և էականորեն աջակցել է Հայաստան-Եգիպտոս կապերի զարգացմանը: «Նասերի միջազգային առաջնորդության ծրագրի» Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մակդիսն իր ելույթում անդրադարձավ Հայաստան-Եգիպտոս հարաբերություններում «փափուկ ուժի» գործիքակազմի դերին՝ ընդգծելով, որ Ալեքսանդր Սարուխանի օրինակով առավել տեսանելի է դառնում անհատի կարևոր ներդրումը միջմշակութային հաղորդակցության և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման գործում։ Եգիպտահայ հասարակական գործիչ Արմեն Մազլումյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր այն եգիպտահայ և հայաստանյան կառույցներին, որոնք աջակցել էին միջոցառման իրականացմանը։ Նա հատկապես կարևորեց Արևելագիտության ինստիտուտի դերը Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների զարգացման, երկկողմ համագործակցության խորացման և հանրային դիվանագիտության խթանման գործում։ Հանդիպման ավարտին Եգիպտոսի հայ համայնքի Քաղաքական ժողովի պատգամավոր Վահե Փլադյանը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանին և Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանին հանձնեց հուշանվերներ՝ ի նշան շնորհակալության և համագործակցության։ Իրենց հերթին միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր այն կառույցներին և անձանց, որոնք նպաստել էին նախաձեռնության իրականացմանը՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կահիրեում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կարևոր աջակցությունը։ Արաբերենից հայերեն և հայերենից արաբերեն թարգմանության համար Արևելագիտության ինստիտուտը շնորհակալություն է հայտնում նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դոցենտ, արաբագետ Սոնա Տոնիկյանին: