ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

2026 թ․ հունիսի 29-ին «Երկու հայրենիքների միջև․ Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» միջոցառման շրջանակներում Արևելագիտության ինստիտուտում դասախոսությամբ է հանդես եկել եգիպտացի անվանի պատմաբան, հայագետ, Դամանհուրի համալսարանի պրոֆեսոր, Արևելագիտության ինստիտուտի բարեկամ Մուհամմադ Ռեֆաաթ Էլ-Իմամը։ Հունիսի 30-ին Մ․ Ռեֆաաթն աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի, Արաբական երկրների բաժնի վարիչի ԺՊ Արամ Գասպարյանի և Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանի հետ, որի շրջանակներում քննարկվել են հայ-եգիպտական գիտական համագործակցության և Եգիպտոսում հայագիտությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին, ինստիտուտի գիտական անձնակազմի ներկայությամբ, ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը Մուհամմադ Ռեֆաաթին է հանձնել Արևելագիտության ինստիտուտի շնորհակալագիրը՝ հայ-եգիպտական գիտական համագործակցության ամրապնդման, հայագիտության զարգացման և երկու ժողովուրդների միջև գիտամշակութային կապերի խորացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Նշենք, որ 2011 թ․ հայագիտության ոլորտում բացառիկ ավանդի համար Մ․ Ռեֆաաթը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեդալով, որը նրան է հանձնել Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (2009-2018): Մ․ Ռեֆաաթը տևական ժամանակ աջակցել է Կահիրեի համալսարանի Հայագիտական կենտրոնի գործունեությանը և խմբագրել արաբերենով լույս տեսնող «Արև» հայագիտական հանդեսը։ Նա բազմաթիվ հիմնարար աշխատությունների հեղինակ է, որոնցից են՝ «Եգիպտոսի հայ համայնքի պատմությունը» (1999), «Հայկական հարցը Օսմանյան կայսրությունում (1878–1923)» (2002), «Հայերը Եգիպտոսում (1896–1961)» (2003), «Մարդկային ցեղի ոչնչացումը. ուսումնասիրություն ցեղասպանության մասին կոնվենցիայի (1946–1948) նախապատրաստման հիմքում ընկած վավերագրերի վերաբերյալ» (2007), «Վերջին ժխտումը. 20-րդ դարի հանցագործությունը» (2010)։ Եգիպտահայ համայնքի, Հայոց ցեղասպանության, Հայ դատի, հայ-արաբական հարաբերությունների և Հայաստանի պատմությանն առնչվող խնդիրների վերաբերյալ նա բազմաթիվ հրապարակումներ ունի արաբական ու միջազգային մամուլում։ Նշված թեմաների շուրջ Մ․ Ռեֆաաթը հանդես է եկել նաև մեդիա հարցազրույցներով ու ակադեմիական դասախոսություններով, որոնք նպաստել են արաբական, այդ թվում՝ եգիպտական, միջավայրում հայկական թեմաների վերաբերյալ ավելի հիմնարար պատկերացումների ձևավորմանը։