ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES
«Taylor & Francis» հրատարակչության «Southeast European and Black Sea Studies» հանդեսում (Q1) հրատարակվել է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանի՝ «Թուրքիայի վճռական շրջադարձը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. զգուշավոր աջակցությունից դեպի Ադրբեջանի հետ ռազմավարական ներգրավվածություն» (Turkey’s assertive turn in the Nagorno-Karabakh conflict: from cautious support to strategic engagement with Azerbaijan) վերտառությամբ հոդվածը` համահեղինակությամբ պ.գ.դ. Վահրամ Տեր-Մաթևոսյանի։ Այն տպագրվել է բաց հասանելիությամբ (open access)՝ ՀՀ ԲԿԳԿ-ի՝ «24LCG-6A016» և «21AG-6A081» ծածկագրով դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։
Հոդվածը քննության է առնում 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի առանցքային դերակատարության ու ներգրավման հարցում ներպետական գործոնների ու փոխակերպումների գործոնայնությունը։ Ի տարբերություն 1990-ականների սկզբի, երբ Անկարան ձեռնպահ մնաց Լեռնային Ղարաբաղի պատերազմում անմիջական ռազմական ներգրավվածությունից, 2020 թվականին Թուրքիան ունեցավ առանցքային դերակատարում Ադրբեջանի ռազմական հաղթանակի ապահովման գործում։ Այսպիսով, Անկարայի նախկին զգուշավոր դիրքավորումը փոխարինվեց ռազմավարական վճռականությամբ։ Հոդվածն անդրադառնում է այն ներպետական գործոնների քննությանը, որոնք հնարավոր դարձրեցին Թուրքիայի վճռական ներգրավվածությունը հակամարտությունում՝ ուժի արտածման աննախադեպ աստիճանով։ Քննելով ներպետական ինստիտուցիոնալ դինամիկայի էվոլյուցիան և դրա ազդեցությունը Թուրքիայի ռազմավարական շրջադարձի վրա՝ հոդվածը համեմատական վերլուծության միջոցով բացահայտում է 1990-ականների և 2020 թվականի պատերազմների ընթացքում Անկարայի դիրքավորման հիմքում ընկած ներպետական-միավորային պատճառները։ Հոդվածում հիմնավորվում է, որ Թուրքիայի ավտորիտար շրջադարձը, ներքին զսպումների և հակակշիռների մեխանիզմների չեզոքացումը, որոշումների կայացման գործընթացի մենաշնորհայնացումը, ռազմական հզորության և կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև ռևիզիոնիստական արտաքին քաղաքական ինքնությունը ձևավորեցին այն պայմանները, որոնք կանխորոշեցին Անկարայի ներգրավվածությունը պատերազմում։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ՝ հղում