
Ս.թ. հուլիսի 21–23-ը Աղվերանում անցկացվեց «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» խորագրով եռօրյա ամառային դպրոցը, որը կազմակերպվել էր Արևելագիտության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և սոցիոլոգիայի ֆակուլտետների ու Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցությամբ։
Ծրագրին մասնակցեցին ավելի քան հիսուն ուսանող և երիտասարդ հետազոտող Երևանի պետական համալսարանի արևելագիտության, միջազգային հարաբերությունների, պատմության, սոցիոլոգիայի ֆակուլտետներից, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից և Արևելագիտության ինստիտուտից։
Ամառային դպրոցի նպատակն էր ձևավորել մասնագիտական կրթական հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենային խորացնելու իրենց գիտելիքները Հայաստանի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և ռազմավարական հաղորդակցության արդիական հիմնահարցերի վերաբերյալ, զարգացնելու վերլուծական ու գործնական հմտությունները, ինչպես նաև անմիջական շփում հաստատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Եռօրյա ծրագրի ընթացքում դասախոսություններն ու մասնագիտական քննարկումները կառուցված էին երեք հիմնական ուղղությունների շուրջ։ Առաջին օրը, որը նվիրված էր «Հայաստանը միջազգային համակարգում» թեմային, քննարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, արտաքին քաղաքականության տրանսֆորմացիան, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Ծոցի երկրների հետ։ Թեմատիկ դասախոսություններով հանդես եկան Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, փոխդեկան Գոռ Պետրոսյանը, ինչպես նաև Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը և Իրանի բաժնի առաջատար գիտաշխատող Արտյոմ Տոնոյանը։
Ծրագրի երկրորդ օրը նվիրված էր ռազմավարական հաղորդակցության հիմնախնդիրներին։ Քննարկումների առանցքում էին ժամանակակից ժողովրդավարություններում սոցիալական կոնսենսուսի ձևավորման առանձնահատկությունները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) մեխանիզմները, ինչպես նաև երկրի միջազգային վարկանիշի և բրենդավորման ռազմավարությունները։ Դասախոսություններով հանդես եկան Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Արտակ Շաքարյանը և նույն ծրագրի դասախոս Աննա Նաղդալյանը։
Ամառային դպրոցի եզրափակիչ օրը կազմակերպվեց «Համաշխարհային սրճարան» (World Café) ձևաչափով քաղաքական երկխոսություն, որի ընթացքում բոլոր մասնակիցները փոքր խմբերով քննարկեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության և ռազմավարական հաղորդակցության ոլորտներում առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Քննարկումների արդյունքում ձևակերպվեցին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ, որոնք հիմնված էին նախորդ օրերի ընթացքում ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական քննարկումների վրա։
Եռօրյա կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ոչ միայն ստանալու արդիական գիտելիքներ արտաքին քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ոլորտներից, այլև զարգացնելու քննադատական մտածողությունը, վերլուծական կարողություններն ու թիմային աշխատանքի հմտությունները։ Մասնագիտական միջավայրում ծավալված ակտիվ քննարկումները և փորձի փոխանակումը նպաստեցին երիտասարդների գիտական հետաքրքրությունների ընդլայնմանը և ակադեմիական համագործակցության նոր կապերի ձևավորմանը։
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։
Ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծեց բուհերի և գիտահետազոտական հաստատությունների համագործակցության կարևորությունը՝ երիտասարդ մասնագետների կարողությունների զարգացման, ակադեմիական գիտելիքի տարածման և Հայաստանի արտաքին քաղաքականության ու ռազմավարական հաղորդակցության շուրջ մասնագիտական երկխոսության խթանման գործում։


