
2026 թվականի հուլիսի 22–24-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվեց 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը նվիրված էր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Գիտաժողովը համախմբեց աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների և հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին։
Կոնգրեսի շրջանակում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը հանդես եկավ «Արևելագիտության ինստիտուտի ներդրումը հայագիտության զարգացման գործում. միջգիտակարգային երկխոսություն» խորագրով զեկուցմամբ, որտեղ ներկայացրեց ինստիտուտի վերջին տարիների գիտական ձեռքբերումները և հայագիտության զարգացման գործում նրա ունեցած բազմակողմանի ներդրումը։
Զեկույցում ընդգծվեց, որ հայկական քաղաքակրթության պատմությունն ու մշակույթը հնարավոր չէ ամբողջականորեն ուսումնասիրել առանց այն քաղաքակրթական միջավայրի համակողմանի քննության, որի մեջ ձևավորվել և զարգացել է Հայաստանը։ Այդ պատճառով Արևելագիտության ինստիտուտում հայագիտական հետազոտությունները զարգանում են միջգիտակարգային սկզբունքով՝ համադրելով պատմագիտությունը, աղբյուրագիտությունը, լեզվաբանությունը, մշակութաբանությունը, միջազգային հարաբերությունները, քաղաքական գիտությունը, սփյուռքագիտությունը և տարածաշրջանային ուսումնասիրությունները։
Ներկայացվեցին ինստիտուտի գիտական կարևոր ձեռքբերումները՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության, սեպագիր աղբյուրների, Կովկասյան Աղվանքի և Արցախի պատմամշակութային ժառանգության, հայ եկեղեցու պատմության, Օսմանյան աղբյուրների, Հայկական հարցի, հայատառ թուրքերեն գրականության, ինչպես նաև հայկական համայնքների արդի կյանքի ուսումնասիրությունների բնագավառներում։
Զեկույցում ներկայացվեց նաև Արևելագիտության ինստիտուտի միջազգային գիտական գործունեությունը։ Նշվեց, որ ինստիտուտը վերջին տարիներին հետևողականորեն զարգացնում է գիտական դիվանագիտությունը՝ համագործակցելով բազմաթիվ արտասահմանյան համալսարանների և գիտական կենտրոնների հետ, կազմակերպելով Հայաստան–Իրան, Հայաստան–Ճապոնիա, Հայաստան–Հնդկաստան և Հայաստան–Չինաստան հարաբերություններին նվիրված միջազգային գիտաժողովներ, ինչպես նաև ընդունելով արտասահմանյան գիտական պատվիրակություններ և ընդլայնելով միջազգային հետազոտական համագործակցությունը։
Անդրադարձ կատարվեց նաև ինստիտուտի հրատարակչական գործունեությանը՝ որը կարևոր դեր ունի հայագիտական հետազոտությունների միջազգային ներկայացվածության և գիտական հաղորդակցության զարգացման գործում։


