
Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ճապոնագետ, պ.գ.թ. Եվա Հարությունյանը ս.թ. օգոստոսի 27–30-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում մասնակցել է Եվրոպական ճապոնագիտության ասոցիացիայի (EAJS) 18-րդ միջազգային գիտաժողովին, որն անցկացվել է Ադամ Միցկևիչի անվան համալսարանում և համախմբել աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 1000 մասնակիցների։
Գիտաժողովի շրջանակներում Ե. Հարությունյանը հանդես է եկել «Էներգետիկ անապահովություն և ինքնության փոփոխություն․ խաղաղասիրությունից դեպի նախաձեռնողական անվտանգություն Ճապոնիայի մերձավորարևելյան քաղաքականության մեջ» (“Energy Insecurity and Identity Shift: From Pacifism to Proactive Security in Japan’s Middle East Policy”) խորագրով զեկուցմամբ։ Զեկուցման ընթացքում նա անդրադարձել է Ճապոնիայի՝ Մերձավոր Արևելքից էներգետիկ կախվածությանը, դրա ազդեցությանը երկրի ազգային անվտանգության ընկալումների վրա, ինչպես նաև Ճապոնիայի անվտանգության քաղաքականության և ռազմավարական ինքնության աստիճանական վերափոխման գործընթացին։
Գիտաժողովը կարևոր միջազգային հարթակ էր ճապոնագիտության ոլորտում իրականացվող հետազոտությունների ներկայացման, գիտական արդյունքների փոխանակման և միջազգային մասնագիտական հանրության հետ գիտական քննարկումների ծավալման համար։
Ե. Հարությունյանի մասնակցությունը գիտաժողովին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իր հետազոտության արդյունքները միջազգային մասնագիտական հանրությանը, ինչպես նաև մասնակցելու ճապոնագիտության արդի խնդիրներին նվիրված մասնագիտական քննարկումներին և գիտական մտքերի փոխանակմանը։


