
«Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ–ը և Երևանի Պետական Համալսարանը խորացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտներում
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրով կողմերն ընդգծել են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր ու նախաձեռնություններ՝ համադրելով երկու կառույցների գիտական, կրթական և մասնագիտական ներուժը։
Համագործակցության կարևոր ուղղություններից է ԵՊՀ ուսանողների գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպումն Արևելագիտության ինստիտուտում։ Այն հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալու գիտահետազոտական աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ներգրավվելու հետազոտական գործընթացներում և օգտվելու Ինստիտուտի մասնագիտական ու գիտատեղեկատվական ռեսուրսներից։
Կողմերը նախատեսում են կազմակերպել դասախոսություններ, վարպետաց դասեր, գիտաժողովներ, սեմինարներ և այլ կրթական ու գիտական միջոցառումներ, ինչպես նաև խթանել մասնագիտական փորձի և գիտահետազոտական մեթոդների փոխանակումը։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտական հետազոտություններ և հրապարակել դրանց արդյունքները՝ սահմանված կարգով, Արևելագիտության ինստիտուտի և ԵՊՀ-ի գիտական պարբերականներում։ Համագործակցությունը կարող է ներառել նաև գիտական հրապարակումների փոխադարձ գրախոսություն, ուսումնամեթոդական նյութերի և գիտակրթական այլ աշխատանքների պատրաստում։
Առանձին ուղղություն է տարածաշրջանային և թեմատիկ ուսումնասիրությունների իրականացումը։ Մասնավորապես, կողմերը նախատեսում են համագործակցել Հարավային Կովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի, Հեռավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններին առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության, քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացներին։
Նախատեսվում է նաև գիտատեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործում, ինչը կնպաստի ուսանողների և հետազոտողների համար անհրաժեշտ գիտական տեղեկատվության հասանելիության ընդլայնմանը։
Կողմերը նախատեսում են համագործակցել նաև դրամաշնորհային և արտաքին ֆինանսավորմամբ կրթական, գիտական ու հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։
Հուշագրով նախատեսվող համագործակցությունը կնպաստի երկու կառույցների կրթական և գիտահետազոտական ներուժի համադրմանը, ուսանողների և հետազոտողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև արևելագիտական և տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտում համատեղ աշխատանքի ընդլայնմանը։


