ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

Ս/թ հոկտեմբերի 1-ին Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ Ադրբեջանի հետպատերազմական շրջանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունների վերաբերյալ աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ «24LCG-6A016» ծածկագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Թուրքիայի բաժնի վարիչ, հետազոտական խմբի ղեկավար Լևոն Հովսեփյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում կարևորվում է Ադրբեջանի արդի արտաքին քաղաքականության միտումների և առանձնահատկությունների ուսումնասիրումը, իսկ նման աշխատաժողովները հնարավորություն են տալիս բարձրացնել խնդիրներ ու հարցադրումներ, որոնք օգտակար են լինում հետազոտական թեմատիկ ուղղությունների խնդրայնացման համար։ 

Աշխատաժողովին զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասիստենտ, ք․գ․թ․ Սուրեն Թադևոսյանը՝ ներկայացնելով «Հաղթանակի վակումը և միջազգային լեգիտիմության փնտրտուքը Ադրբեջանի՝ հետպատերազմական արտաքին քաղաքականությունում» թեմայով հետազոտության արդյունքները։ Զեկուցողը ներկայացրեց հետազոտության հիմնական հարցադրումը, թե ռազմական հաղթանակից հետո ինչպես է փոխվում Ադրբեջանի արտաքին քաղաքական խոսույթը և ինչ միջոցներով է այն փորձում միջազգային տարբեր դերակատարների համար ընդունելի դարձնել ձևավորված նոր իրավիճակը։ Զեկուցումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքի տեսական հիմքերի, հիմնական հասկացությունների, մեթոդաբանության, նյութական շահերի և լեգիտիմության փոխհարաբերության վերաբերյալ մի շարք հարցեր։ Հնչեցին նաև դիտարկումներ հետազոտության հետագա զարգացման հնարավոր ուղղությունների մասին։