
2026 թվականի հոկտեմբերի 7-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Մասսեյի համալսարանի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի պատվավոր պրոֆեսոր, Նոր Զելանդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Օքլենդի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Ազիզյանի հետ։
Հանդիպման բացման խոսքում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ժամանակակից արևելագիտությունը չի կարող սահմանափակվել միայն առանձին երկրների կամ տարածաշրջանների պատմության և մշակույթի ուսումնասիրությամբ և պետք է ակտիվորեն երկխոսի միջազգային հարաբերությունների, անվտանգության ուսումնասիրությունների, քաղաքագիտության և աշխարհաքաղաքականության հետ։
«Հենց այդպիսի միջգիտակարգային երկխոսությունն է հնարավորություն տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմելու ժամանակակից Արևելքում և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին»,– ընդգծեց Գոհար Իսկանդարյանը։
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը հանդես եկավ «Անվտանգության հիմնախնդիրները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով տարածաշրջանի անվտանգության միջավայրի հիմնական առանձնահատկությունները, առկա մարտահրավերներն ու աշխարհաքաղաքական զարգացումները։
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխություններին, անվտանգության նոր ճարտարապետության ձևավորմանը, տարածաշրջանի առանցքային դերակատարների փոխհարաբերություններին և այն գործընթացներին, որոնք էական ազդեցություն ունեն նաև միջազգային հարաբերությունների ավելի լայն համակարգի վրա։
Հանդիպմանը հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան պրոֆեսոր Ազիզյանին ուղղելու հարցեր և քննարկելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող մի շարք արդիական հիմնախնդիրներ։
Հանդիպման ավարտին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի և պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանի միջև քննարկվեցին նաև հետագա ակադեմիական համագործակցության հնարավորությունները և մշակվեցին համատեղ համագործակցության մի շարք նախագծերի նախնական ուղղություններ։ Մասնավորապես, կարևորվեց անվտանգության ուսումնասիրությունների, միջազգային հարաբերությունների և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ գիտական ու փորձագիտական փոխգործակցության ընդլայնումը։
Արևելագիտության ինստիտուտը կարևորում է միջազգային առաջատար մասնագետների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով զարգացնել միջգիտակարգային հետազոտությունները, ընդլայնել միջազգային գիտական կապերը և նոր հնարավորություններ ստեղծել հետազոտողների ու երիտասարդ գիտնականների համար։


