
2026 թվականի հոկտեմբերի 8-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում միջազգային հակամարտությունների կարգավորման, խաղաղաշինության, բանակցությունների և միջնորդության մասնագետ, Քարթերի կենտրոնի Հակամարտությունների կարգավորման ծրագրի նախկին տնօրեն, Էմորիի համալսարանի Իրավագիտության դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր Հրայր Բալյանի հետ։
Հանդիպումը բացեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը, որը ողջունեց հյուրին և կարևորեց նրա մասնագիտական փորձի ու հետազոտության ներկայացումը ինստիտուտի գիտական հանրությանը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ Հրայր Բալյանի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը մոտենալ ոչ միայն տեղի ունեցած իրադարձությունների և ընդունված որոշումների, այլև տարբեր փուլերում առկա, սակայն չիրագործված խաղաղ կարգավորման հնարավորությունների տեսանկյունից։
Հանդիպման առանցքում Հրայր Բալյանի Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict & Missed Opportunities («Անավարտ խաղաղություն. Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները») գիրքն էր, որը 2026 թվականին հրատարակվել է Palgrave Macmillan հրատարակչության կողմից՝ Rethinking Peace and Conflict Studies գիտական մատենաշարում։ Աշխատությունը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ավելի քան երեք տասնամյակ ընթացած միջազգային միջնորդության և բանակցային գործընթացների ուսումնասիրությանը։
Գրքում հեղինակը վերլուծում է հակամարտության կարգավորման հիմնական փուլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, միջազգային դերակատարների մոտեցումները, բանակցային գործընթացի զարգացումները և այն հնարավորությունները, որոնք տարբեր ժամանակահատվածներում կարող էին նպաստել խաղաղ կարգավորմանը, սակայն այդպես էլ չիրագործվեցին։ Հեղինակը փորձում է բացահայտել խաղաղության գործընթացի բարդությունները, կողմերի դիրքորոշումների ազդեցությունը և միջնորդության հնարավորությունների ու սահմանափակումների նշանակությունը։ Այս առումով գիրքը կարևոր ներդրում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության ուսումնասիրության, այլև միջազգային հարաբերությունների, հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության վերաբերյալ գիտական քննարկումների համար։
Գիրքը հայերենով լույս է տեսել Newmag հրատարակչության կողմից՝ « Անավարտ Խաղաղություն. Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները» վերնագրով։ Հայերեն հրատարակությունը հնարավորություն է տալիս հայ ընթերցողին ավելի լայնորեն ծանոթանալու հեղինակի հետազոտությանը և հակամարտության կարգավորման բանակցային պատմության վերաբերյալ նրա վերլուծություններին։
Հանդիպումը շարունակվեց մասնագիտական քննարկմամբ՝ հնարավորություն ընձեռելով ներկաներին հարցեր ուղղելու հեղինակին և մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, միջազգային միջնորդության և խաղաղաշինության հիմնախնդիրների շուրջ։
Արևելագիտության ինստիտուտը կարևորում է միջազգային փորձագետների հետ գիտական երկխոսությունը և արդիական տարածաշրջանային խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությունը՝ նպաստելով միջազգային հարաբերությունների, հակամարտությունների հետազոտության և խաղաղաշինության ոլորտներում մասնագիտական համագործակցության զարգացմանը։


