ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

Արևելագիտության ինստիտուտում հոկտեմբերի 12-ին անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» օտարերկրյա գործընկերոջ պարտադիր ներգրավմամբ, «25RG-6A052» ծածկագրով դրամաշնորհի շրջանակներում, ղեկավար՝ պ․գ․թ․, դոցենտ Հասմիկ Հմայակյան։

Գիտաժողովը միավորել է տարբեր երկրների ու ոլորտների հետազոտողների, որոնք անդրադարձել են Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հնագույն պատմության, լեզուների, նյութական և հոգևոր մշակույթի, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների փոխառնչությունների հիմնահարցերին։

Գիտաժողովի գիտական շրջանակն ընդգրկել է հնագիտության, պատմության, լեզվաբանության և արվեստի պատմության խնդիրներ։ Զեկուցումներում ներկայացվել են հնագույն գրավոր աղբյուրների, պատկերագրական հուշարձանների և մշակութային ժառանգության ուսումնասիրության տարբեր մոտեցումներ՝ հնարավորություն ընձեռելով Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացումները դիտարկելու Առաջավոր Ասիայի ավելի լայն համատեքստում։

Գիտաժողովի միջազգային բնույթն ընդգծվել է ծրագրում ընդգրկված՝ Գերմանիայի, Նիդերլանդների, Վրաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տարբեր հետազոտական մոտեցումների համադրումը նպաստում է Հայկական լեռնաշխարհի ու Փոքր Ասիայի պատմամշակութային առնչությունների առավել ամբողջական ուսումնասիրությանը։

Գիտաժողովը կարևոր հարթակ է հնագույն քաղաքակրթությունների փոխազդեցությունների, մշակութային ժառանգության և տարածաշրջանային պատմության հիմնահարցերի շուրջ գիտական երկխոսության զարգացման համար։ Այն հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտների մասնագետներին համադրելու գրավոր, հնագիտական և պատկերագրական աղբյուրները՝ նորովի գնահատելու Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մեջ։