
2026 թվականի հոկտեմբերի 14-ին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի հրավերով ինստիտուտում հյուրընկալվել է «ԱՐՓԱ» ինստիտուտի (ARPA Institute) հիմնադիր նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ամերիկահայ գիտնական Հակոբ Փանոսյանը։
Հանդիպմանը մասնակցել են Արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Եվա Հարությունյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը և Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը։
Հանդիպման սկզբում Գոհար Իսկանդարյանը ներկայացրել է Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը, վերջին տարիների գիտական ձեռքբերումներն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Ինստիտուտի տնօրենը կարևորել է միջազգային գիտական համագործակցության ընդլայնումը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ձևավորել արդյունավետ համագործակցություն Արևելագիտության ինստիտուտի և «ԱՐՓԱ» ինստիտուտի միջև։
Հակոբ Փանոսյանն իր հերթին ներկայացրել է «ԱՐՓԱ» ինստիտուտի գործունեությունը, հիմնական ձեռքբերումներն ու իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով երկու կառույցների միջև համագործակցության ներուժը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու գիտական կենտրոնների գործունեության ընդհանրություններին, մասնավորապես՝ հայագիտության, անվտանգության հիմնախնդիրների և միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ոլորտներում։ Ընդգծվել է, որ երկու հաստատությունների գիտական հետաքրքրությունների և իրականացվող ծրագրերի համընկնումը համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։
Հանդիպման արդյունքում կողմերը կարևորել են համատեղ աշխատանքի հեռանկարները և պատրաստակամություն հայտնել շարունակելու քննարկումները՝ միավորելով գիտական ներուժն ու փորձը՝ նոր նախաձեռնություններ իրականացնելու, հետազոտական համագործակցությունն ընդլայնելու և երկու հաստատությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Արևելագիտության ինստիտուտը կարևորում է նման հանդիպումները՝ որպես գիտական երկխոսության ամրապնդման, նոր գործընկերությունների ձևավորման և հայկական գիտության միջազգային կապերի ընդլայնման կարևոր հնարավորություն։


