ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

2026 թվականի հոկտեմբերի 16-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ արևելագետների 45-րդ միջազգային գիտաժողովը, որը համախմբեց տարբեր գիտական ուղղություններ ներկայացնող երիտասարդ հետազոտողների՝ Հայաստանի և արտերկրի գիտահետազոտական հաստատություններից ու բուհերից։ Գիտաժողովը կարևոր հարթակ է երիտասարդ գիտնականների մասնագիտական կայացման, գիտական երկխոսության և միջազգային ակադեմիական համագործակցության զարգացման համար։ Այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական աշխատանքների արդյունքները, քննարկելու արդիական հիմնախնդիրներ, փոխանակվելու գաղափարներով ու փորձով, ինչպես նաև ստանալու մասնագիտական կարծիքներ և նոր դիտարկումներ՝ հետագա հետազոտությունների զարգացման համար։

Գիտաժողովին մասնակցեցին Արևելագիտության ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Արվեստի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի երիտասարդ հետազոտողներ։ Այս տարի գիտաժողովի միջազգային ընդգրկվածությունն առանձնացավ արտասահմանյան մի շարք գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնավորապես, գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ Գիորգի Ծերեթելիի անվան արևելագիտության ինստիտուտից, Իլյայի պետական համալսարանից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտից, Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանից և Սոմայա Վիդյավիհարի համալսարանից (Մումբայ)։ Նրանց մասնակցությունը նպաստեց գիտաժողովի միջազգային գիտական երկխոսության և թեմատիկ բովանդակության ընդլայնմանը, տարբեր ակադեմիական ավանդույթների ու հետազոտական մոտեցումների փոխանակմանը։