ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES

Արևելագիտության ինստիտուտը շարունակում է համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ՝ այս տարի ևս հյուրընկալելով ԵՊՀ ուսանողներին մասնագիտական պրակտիկայի շրջանակում։

Սույն թվականի նոյեմբերի 2-ից դեկտեմբերի 2-ը Արևելագիտության ինստիտուտում մասնագիտական պրակտիկա կանցնեն ԵՊՀ Միջազգային հարաբերությունների, Արևելագիտության և Պատմության ֆակուլտետների մագիստրոսական ծրագրերի ուսանողները։

Պրակտիկայի նպատակն է աջակցել ուսանողներին մագիստրոսական թեզերի հետազոտական աշխատանքում, խորացնել նրանց մասնագիտական գիտելիքները, զարգացնել գիտական աղբյուրների և գրականության հետ աշխատելու, հետազոտական նյութեր հավաքելու և վերլուծելու հմտությունները, ինչպես նաև ծանոթացնել ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանն ու աշխատանքային մեթոդներին։

Պրակտիկանտների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Գիտության համաշխարհային օրվան նվիրված առաջիկա միջոցառման կազմակերպչական հարցերը, գիտության հանրայնացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև ուսանողների և ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները։

Արևելագիտության ինստիտուտը կարևորում է երիտասարդ հետազոտողների մասնագիտական կայացմանն ու գիտական ներուժի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ նպաստելով ուսանողների ներգրավմանը գիտահետազոտական աշխատանքներում և նրանց առաջին մասնագիտական քայլերին գիտության ոլորտում։