ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2023 թ. հունիսի 21-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով երկրորդ խորհրդական պարոն Ժերոմ Ռիբոլտ-Ժելարդին: Արևելագիտության ինստիտուտը ներկայացնում էին տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, փոխտնօրեն Գոռ Մարգարյանը, միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը և ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը:

Հանդիպման ընթացքում պարոն Ռիբոլտ-Ժելարդին ներկայացվեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները: Կարևորվեց հայ-ֆրասնիական գիտակրթական հարաբերությունների և փոխգործակցության ընդլայնումը՝ մասնավորապես մերձավորարևելյան հետազոտությունների, տարածաշրջանային փոխակերպումների, աշխարհաքաղաքական տեղաշարժերի, Հարավային Կովկասում անվտանգային հիմնահարցերի ուսումնասիրման տեսանկյունից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Արևելագիտության ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ոլորտային համագործակցության ակտիվացման, ինչպես նաև դեսպանության աջակցությամբ Արևելագիտության ինստիտուտի գիտակիրառական միջոցառումներում ֆրանսիացի հետազոտողների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ: