ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ս․ թ․ հունիսի 20-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ այցելեց Չինաստանի Հումանիտար ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությունը՝ ինստիտուտի փոխտնօրեն Գաո Ցզինչժայի գլխավորությամբ։ Հանդիպմանը ԱԻ տնօրեն Ռոբերտ Ղազարյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետազոտական ուղղությունները, խոսեց երկու բարեկամ ժողովուրդներին միավորող քաղաքակրթական կապերի և բոլոր ուղղություններով երկկողմ համագործակցությունը խորացնելու հրամայականի մասին։ Նա նշեց, որ թագավարակի սահմանափակումների շրջանում կողմերն անցկացրել են բարձր մակարդակի երկու առցանց աշխատաժողով, որոնց երկու կողմից մասնակցել են նաև բարձրաստիճան դիվանագետներ։ Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը խոսեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արևելաասիական ուսումնասիությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության արևելասիական ուղղության կարևորության, Չինաստան-Հայաստան գիտական և այլևայլ կապերի մասին։ Փաստ է, որ վերջին շրջանում Հայաստանում նկատվում է հետաքրքրություն չինական մշակույթի և չինական դպրոցների նկատմամբ։

Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող ք․գ․թ․ Արամ Աբաջյանը ներկայացրեց Չինաստանում ուսանելու, չինարեն սովորելու և հետազոտական աշխատանք իրականացնելու իր փորձառությունը։ Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․, դոցենտ Նազելի Նավասարդյանը խոսեց Ինստիտուտի կողմից հետևողականորեն իրականացվող գիտական դիվանագիտության մասին, ինչպես նաև առաջարկներ աշխուժացնել համատեղ հետազոտական և ուսումնական ծրագրերի իրականացումը։ Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող պ․գ․թ․ Մուշեղ Ղահրիյանը խոսեց հայ-չինական հարաբերություններում չիրացված հնարավորությունների, ինչպես նաև Չինաստանում կրթություն ստացած հայ շրջանավարտների ներուժի մասին։ Ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը անդրադարձավ հայ-չինական տնտեսագիտական բաղադրիչով հետազոտությունների իրականացմանը։

Չինական պատվիրակության ղեկավարը և պատվիրակության անդամները նշեցին, որ իրենք նույնպես միտված են համագործակցության խորացմանը մի շարք բնագավառներում, այդ թվում՝ տնտեսական։