2024 թ. փետրվարի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի Կլոր դահլիճում Արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Գազա-Իսրայել ընթացող պատերազմը և դրա ազդեցությունը տարածաշրջանային զարգացումերի վրա» խորագրով աշխատաժողովը:
Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանն իր բացման խոսքում նշեց, որ 2023 թ. հոկտեմբերից ընթացող Գազա-Իսրայել հակամարտությունը զգալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանային զարգացումների վրա, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվորեն ընթացող Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Ըստ Լ. Հարությունյանի, հակամարտության սրումը կապված է նաև աշխարհաքաղաքական փոխակերպումների հետ, որոնք մեծապես ապակայունացնում են տարածաշրջանը: Անկայունության աճն ու միջնորդավորված հակամարտությունների ու հակասությունների սրումն իրենց բացասական հետևանքներն են ունենում ինչպես Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի, այնպես էլ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում հայ համայնքների պահպանման և դրանց բնականոն գործունեության ապահովման վրա:
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ով նշեց, որ թեման շատ հետաքրքիր է և արդիական: Նա կաևորեց Արևելագիտության ինստիտուտում կազմակերպվող գիտակիրառական նշանակության քննարկումների և գիտաժողովների նշանակությունը, որը միտված է նաև ՀՀ պետական տարբեր ինստիտուտներ - գիտական շրջանակներ կապի և փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և զեկուցողներին: Նա շեշտեց, որ մեծապես կարևորում է Արևելագիտության ինստիտուտի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև առկա համագործակցությունն ու դրա խորացումը: Նա ընդգծեց Հայաստանի տարբեր գիտական կենտրոնների և սփյուռքյան գիտակրթական հաստատությունների միջև կապերի խորացման նշանակությունը: Գ. Մարգարյանը ևս անդրադարձավ քննարկման թեմայի կարևորությանն ու տարածաշրջանային ընթացող զարգացումներում դրա ազդեցությանը: Նա շեշտադրեց, որ վերոնշյալ հիմնախնդիրների քննարկումն ունի գիտակիրառական արդիականություն և կարևոր նշանակություն:
Քննարկմանը գիտական զկուցումներով հանդես եկան Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դր. Փոլ Հայդոստյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հարությունյանը, նույն բաժնի ավագ գիտաշխատողներ պ.գ.թ., դոցենտ Գոռ Գևորգյանը և պ.գ.թ. Գրիգոր Վարդանյանը:
Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դր. Փոլ Հայդոստյանն իր «Գազա-Իսրայել պատերազմը մերձավորարևելյան քրիստոնեական ընկալումներում» զեկուցման շրջանակում անդրադարձավ պաղեստինա-իսրայելական հակամարտության ակունքներին, դրա վերաբերյալ քրիստոնեական ընկալումներին, շեշտադրեց Պաղեստինում ժողովրդագրական պատկերի փոփոխման նշանակությունը՝ հակամարտության խորացման տեսանկյունից: Նա ընդծեց, որ ներկա փուլում քրիստոնեական աշխարհի ընկալումները չափազանց բևեռացված են Գազա-Իսրայել հակամարտության հարցում: Վերապատվելի դր. Փոլ Հայդոստյանն անդրադարձավ նաև քրիստոնեական սիոնիզմի, դրա առաջացման ու նպատակների հարցերին, ներկայացրեց այս կրոնական հոսանքի ներկայացուցիչների հայացքների առանձնահատկություններն ու Իսրայելին աջակցություն հայտնելու շարժառիթները: Նա շեշտադրեց արդի փուլում կրոնի քաղաքականացման միտումներն ու դրա ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, ինչպես նաև ընդգծեց կրոնական դիվանագիտության կարևորությունը:
Լիլիթ Հարությունյանն իր «Գազա-Իսրայել ընթացող հակամարտությունը և դրա ազդեցությունն Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների վրա» զեկուցման շրջանակում ներկայացրեց վերջին շրջանում Իսրայել-արաբական երկրներ հարաբերությունների զարգացման հիմնական միտումներն ու դրանց նշանակությունը: Նա անդրադարձավ 2020 թ. ԱՄՆ միջնորդությամբ Աբրահամյան համաձայնագրերի կնքման գործընթացին, որը նախատեսում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատում մի կողմից Իսրայելի, իսկ մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Սուդանի և Մարոկկոյի միջև: Այս համաձայնագրերն ըստ էության 1970-ականների վերջին ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի մաքոքային քաղաքականության շարունակությունն էին, որը նախատեսում էր անջատ խաղաղության համաձայնագրերի կնքում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Իսրայելի և առանձին արաբական երկրների միջև:
Նա շեշտեց, որ ընթացող համակարտությունը թեև որոշակի բացասական հետևանք է ունեցել վերոնշյալ արաբական երկրներում Իսրայել- արաբական երկրներ հարաբերությունների բարելավման վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման վրա, սակայն էականորեն չի փոխել այդ արաբական երկրների Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դրանք զարգացնելու քաղաքականությունը:
Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանն իր «Գազա-Իսրայել պատերազմն ու Եգիպտոսը» զեկուցման շրջանակում ներկայացրեց Եգիպտոսի դերն ու նշանակությունն արաբ-իսրայելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Նա շեշտադրեց ընթացող հակամարտության բացասական հետևանքներն ու փախստականների հիմնահարցերով պայմանավորված բարդությունները Եգիպտոսի տեսանկյունից: Եգիպտոսը, որ արաբական աշխարհում առաջին պետությունն է, որ 1970-ականների վերջին ԱՄՆ-ի միջնորդությամբ գնաց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, ուղղակիորեն առերեսվում է Համաս-Իսրայել հակամարտության խորացմամբ պայմանավորված խնդիրների հետ:
Գ. Գևորգյանը իր զեկուցման ավարտին եզրակացրեց, որ առաջիկայում ևս, թեև ընթացող բարդ գործընթացներին, Եգիպտոսն ու Իսրայելը հազիվ թե գնան հարաբերությունների սառեցմանը, թեև չբացառեց սահմանային որոշ միջադեպերի դրսևորումը, որոնք, սակայն, էական ազդեցություն չեն ունենա եգիպտաիսրայելյան հարաբերությունների, հատկապես դրա առևտրատնտեսական բաղադրիչի վրա:
Արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանն իր «Իսրայեյան ներքաղաքական խոսույթի առանձնահատկությունները Համաս-Իսրայել հակամարտության շուրջ» զեկուցման շրջանակում ներկայացրեց ընթացող հակամարտության նկատմամբ ներիսրայելյան տրամադրությունները, Նեթանյահույի կառավարության քաղաքականության նկատմամբ հասարակական տարբեր ընկալումները, անդրադարձավ ընդդիմադիր շարժումների և իսրայելական հասարակության պառակտվածության պատճառների ու դրանց դրսևորումների հարցերին: Համաձայն Գ. Վարդանյանի եզրակացման՝ ընթացող հակամարտության սրացումն այս փուլում պատահական չէր, քանի որ գործող կառավարության վարած քաղաքականությունը մեծապես նպաստել էր իսրայելյան հասարակության պառակտմանն ու հասարակական բողոքի ու ընդվզման մեծացմանը:
Քննարկմանը մասնակցում էին նաև դիվանագետներ և դեսպաններ, մասնավորապես՝ Թունիսում և Մարոկկոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը, Էրբիլում ՀՀ նախկին հյուպատոս Արշակ Մանուկյանը, ինչպես նաև առաջատար հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից և Բրուսովի անվան պետական համալսարանից:
Աշխատաժողովն ավարտվեց գիտական քննարկման ձևաչափով, որի ընթացքում աշխատաժողովի մասնակից դիվանագետները կարևորեցին թեմայի ընտրությունն ու դրա գիտակիրառական նշանակությունը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը խորին շնորհակալություն է հայտնում Վերապատվելի դր. Փոլ Հայդոստյանին մասնակցության և գիտական ուշագրավ զեկուցման համար, ինչպես նաև աշխատաժողովի կազմակերպման նախաձեռնությամբ հանդես եկած պ.գ.թ. դոցենտ Լ. Հարությունյանին և Ա. Փաշայանին, զեկուցողներին և բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց հարցադրումներով և դիտարկումներով մեծապես նպաստեցին այս կարևոր քննարկման կայացմանը:


