
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հունիսի 7-ին կազմակերպեց «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» թեմայով միջազգային աշխատաժողովը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» հնգամյա ծրագրի (21АG-6A081) շրջանակում։ Գիտահետազոտական խմբում ընդգրկված են՝ ծրագրի ղեկավար Վահրամ Տեր-Մաթևոսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Ռուբեն Մելքոնյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ), Նաիրա Սահակյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Արաքս Փաշայանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Վարդան Ոսկանյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ), Վարուժան Գեղամյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ) և Նազելի Նավասարդյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ)։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Թեհրանի համալսարանի առաջատար մասնագետներ՝ Էլահե Քուլային, Ալի Քալիրադը, Մորթեզա Մողադամ Ալքամին, ինչպես նաև հայաստանյան ԲՈՒՀ-երի գիտնականներ և ուսանողներ։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին խմբի իրականացրած հետազոտության միջնաժամկետ արդյունքները, այդ թվում՝ հրատարակված և հրատարակման ընդունված հոդվածները։
Աշխատաժողովի բացմանը ելույթ ունենալով՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ թեման ունի գիտական և քաղաքական կարևոր նշանակություն, որի ուսումնասիրությունը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Նա կարևորեց ծրագրում ուսանողների ներգրավվածությունը և հետազոտական խմբին հաջողություն մաղթեց։
Աշխատաժողովի ընթացքում հետազոտական խմբի անդամները և հրավիրված բանախոսները քննարկեցին Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական, հասարակական և մշակութային համակարգերում իսլամի և ազգայնականություն համադրմանը, համակեցությանն ու փոխազդեցությանը վերաբերող հարցեր։ Աշխատաժողովի ավարտին ամփոփվեցին հետազոտական միջնաժամկետ արդյունքները և ծավալվեց ակտիվ քննարկում։ Հետազոտական ծրագրի մասին մանրամասն տե՛ս www.islam-nationalism.org կայքում։


