ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահի 2024 թվականի մայիսի 3-ի N141-Ա հրամանով հաստատված 2024 թվականի ընթացքում բազային և թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և թեմաների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ս․թ․ սեպտեմբերի 17–ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց ԲԿԳ կոմիտեի աշխատանքային խումբը, որի կազմում էին խմբի ղեկավար՝ ԲԿԳԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը, ԲԿԳԿ–ի Բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի պետ Նաիրա Սուքիասյանը, ԲԿԳԿ–ի Ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Շուշանիկ Աղաբեկյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ղեկավար Շուշան Խաչատրյանը։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց ինստիտուտում իրականացվող բազային և թեմատիկ ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերի շրջանակում ձեռք բերված համակարգչային տեխնիկան, սարքավորումները և արժեքավոր գրքերը (ըստ կարգի՝ բոլոր ծածկագրերն առկա էին)։
Ինստիտուտի տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանը կարևորեց գրքերի և ժողովածուների հրատարակման հարցում այսուհետ Ինստիտուտի կողմից ներդրված նոր մոտեցումն առ այն, որ նախքան գիտխորհրդի քննարկման ներկայացնելը պետք է աշխատանքի վերաբերյալ ստանալ նաև արտաքին մասնագիտական կարծիք, ինչը կնպաստի աշխատանքների որակի բաձրացմանը։
Աշխատանքային խումբը շրջայց կատարեց Ինստիտուտում՝ տեղում ծանոթանալով թեմատիկ ծրագրերի ղեկավարների գիտահետազոտական ուսումնասիրությունների գործընթացին։
Շրջայցի ընթացքում ցույց տրվեցին Ինստիտուտի ստորաբաժանումներում առկա թեմատիկ և բազային ծրագրերի շրջանակում ձեռք բերված սարքավորումները, մասնավորապես՝ 2 սկաներ՝ Արևելագիտության ինստիտուտի գրադարանի թվայնացման համար, դյուրակիր համակարգիչներ ու տպիչ սարքեր, ձեռք բերված գրքերը։ Որպես գիտական արդյունք՝ ներկայացվեցին արդեն հրատարակված աշխատանքները։
ԲԿԳԿ աշխատանքային խմբի շրջայցի ընթացքում բոլոր հարցերին տրվեցին պատշաճ և սպառիչ պատասխաններ, ինչպես նաև աշխատանքային խմբի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ Ինստիտուտի գիտաշխատողներն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն դիմել ԲԿԳԿ թեմատիկ նոր ծրագրերին, որոնք նպաստում են ոչ միայն գիտական ներուժի զարգացմանը, այլև հնարավորություն են տալիս բարելավել շենքային և աշխատանքային պայմանները։