1971թ․ Արևելագիտության ինստիտուտի հիմնադրմամբ Իրանի բաժինը ինստիտուտի առանցքային բաժիններից մեկն է դարձել, որի համակարգումը ստանձնել է պատմական գիտությունների թեկնածու (1973 թ․-ից դոկտոր), պրոֆեսոր Համլետ Եգանյանը, որն այդ աշխատանքներն իրականացրեց մինչև 1994 թ.:
Իրանի բաժնի գիտաշխատողների անդուլ ջանքերով ուսումնասիրություններ են արվել տարբեր ոլորտներում: Այսպիսով Իրանի բաժնում աշխատել են պատմության, աղբյուրագիտության, լեզվաբանության, գրականագիտության և արվեստագիտության մասնագետներ: Իրանի բաժինն իր ուսումնասիրությունների առարկա է դարձրել նաև քուրդ ժողովրդի պատմության մի շարք խնդիրներ:
Իրանի բաժնի գիտաշխատողներին հետաքրրքրող թեմաները բազմաթիվ են և բազմաշերտ: Իրանագետների հետաքրքրությունների շրջանակում են եղել ինչպես Իրանի պատմության տարբեր կարևոր դրվագների լուսաբանումը, Իրանի ազգագրական խնդիրները, Իրանի առանձին ժողովուրդների ու ցեղերի էթնիկական զարգացման հարցերը, Իրանի ներքին և արտաքին քաղաքականության զարգացումները, այնպես էլ՝ Իրանի հայ համայնքի գործունեությունը: Բաժնի աղբյուրագետների ջանքերով լավագույնս ուսումնասիրվել են Մատենադարանում պահվող ձեռագրերում առկա իրանական աղբյուրները։ Իրանի բաժնի գրականագետները թարգմանել են իրանական պոեզիան, վերլուծել այն, այդպիսով հայ ընթերցողին հնարավորություն տվել ճանաչելու իրանական դասական գրականությունը: Միևնույն ժամանակ բազմաթիվ են նաև դեպքերը, երբ մեր գրականագետների ջանքերով հայկական պոեզիայի կարևոր աշխատանքներ թարգմանվել են պարսկերեն: Լեզվաբանների ջանքերով իրականացվել են ինչպես դասագրքերի, խոսակցական զրուցարանների, բառարանների կազմման աշխատանքներ, այդպես էլ ուսումնասիրվել են իրանական լեզվաբանության նրբությունները։
1994 թ. Իրանի բաժնի վարիչ է նշանակվել բանասիրական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, ով աշխատել է մինչև 1998 թ., այնուհետև Իրանի բաժնի վարիչ է դարձել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԻԻՀ-ում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը: 2021 թ. Իրանի բաժնի վարիչ է դարձել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը:
Այս տարիների ընթացքում Իրանի բաժնի գիտաշխատողները հրատարակել են բազմալեզու հոդվածներ, մենագրություններ, դասագրքեր, աղբյուրագիտական կարևորություն ունեցող ձեռնարկներ, դասավանդել են տարբեր ԲՈՒՀ-երում, նպաստել են իրանագետների նոր սերնդի ձևավորմանը, ինչպես նաև իրենց գիտելիքներով կիսվել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային ժողովի, Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության հետ:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի ջանքերով ՀՀ անկախությունից հետո իրականացվել են ինչպես Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիին նվիրված բազմաթիվ գիտաժողովներ, այնպես էլ միջազգային նշանակության գիտաժողովներ, որոնց շարքին է դասվում 2011 թ. և 2021 թ․ իրականացված միջազգային գիտաժողովները, որոնք նվիրված էին Հայաստան-Իրան հարաբերությունների հաստատմանը։ Գիտաժողովները մեծ արձագանք են գտել նաև ՀՀ սահմաններից դուրս։ Գիտաժողովների ընթացքում հանդես են եկել ինչպես ԻԻՀ-ում ՀՀ նախկին ու ներկա դեսպանները, այնպես էլ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանները։
![]()
Իսկանդարյան Գոհար Մանվելի
Բաժնի վարիչ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարդալ ավելին
![]()
Բայբուրդյան Վահան Առաքելի
Առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարդալ ավելին
![]()
Կոզմոյան Արմանուշ Կոզմոյի
Առաջատար գիտաշխատող
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարդալ ավելին
![]()
Տոնոյան Արտյոմ Արտաշեսի
Գիտաշխատող
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարդալ ավելին


