ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի գործունեության հիմքում արևելաասիական ժամանակակից ուսումնասիրություններն են։ 2002 թ․ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը և Արևելագիտության ինստիտուտի ղեկավարությանը նման բաժին ստեղծելու առաջարկ արել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։ Բաժնի ստեղծման մասին որոշումը նախագահությունն ընդունել է 2002 թ․ սեպտեմբերի 18-ին։ ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆ․ Սարգսյանը և փոխնախագահ Վ․ Բարխուդարյանը ստորագրել են Արևելագիտության ինստիտուտի կազմում Արևելյան Ասիայի բաժին ստեղծելու մասին որոշումը։ Դրանից հետո ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և ՀՀ Արտաքին գործերի նախարարը համատեղ նամակով դիմել են ՀՀ վարչապետին՝ խնդրելով աջակցել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում Արևելյան Ասիայի երկրների (ներկայումս՝ Միջազգային հարաբերութունների) բաժնի ստեղծմանը։ Բաժինը, բացի հետազոտական աշխատանքներից, նպատակ ուներ նաև վերլուծական նյութեր պատրաստել պետական մարմինների համար։ Նշվում էր, որ նման բաժնի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել՝ նկատի ունենալով վերոնշյալ հիմնախնդիրների նշանակությունը ՀՀ-ի համար և այն կարևոր դերը, որ այդ երկրները խաղում էին ժամանակակից աշխարհում։ Արևելյան Ասիայի երկրների բաժնի հիմնադիր-ղեկավարը եղել է ՀՀ ԱԳՆ Ասիայի, Oվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (2000-2004 թթ․) արևելագետ Ռուբեն Կարապետյանը (2004 թ․-ից՝ արտակարգ և լիազոր դեսպան), ով ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006 թթ․) պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին ներկայացրել էր բաժնի ստեղծման գաղափարը և ստացել նրա աջակցությունը։
Արևելագիտության ինստիտուտում արևելաասիական հետազոտությունների սկզբնավորումն ուներ թե՛ գիտական և թե՛ ռազմավարական նշանակություն։ Հայաստանում Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ասիական այլ երկրների ժամանակակից պատմության, տնտեսության, ներքին ու արտաքին քաղաքականության ակադեմիական ուսումնասիրությունը իրապես կծառայեր նշված երկրների նկատմամբ ՀՀ արտաքին քաղաքականության մշակմանը, կօգներ բազմակողմ հասկանալ Հարավային Կովկասում, Մերձավոր և Միջին Արևելքում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում ասիական դերակատարների արտաքին քաղաքականության առաձնահատկությունները, ինչն էլ իր հերթին կնպաստեր ՀՀ արտաքին քաղաքականության ասիական ուղղության կոնցեպտուալացմանը։ Բնականաբար, բաժնի ստեղծումը նպատակ ուներ նաև աջակցել ՀՀ-Չինաստան, ՀՀ-Ճապոնիա և ՀՀ-Հնդկաստան գիտական համագործակցության ձևավորմանն ու սերտացմանը։ Հատկանշական է, որ բացման օրվանից բաժինը համագործակցություն հաստատեց չինական և հնդկական մի շարք առաջատար և բարձր վարկանիշ ունեցող ինստիտուտների և ակադեմիաների հետ։ Կնքվեցին համագործակցության հուշագրեր։ 2007 թ․ Արևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ նշանակվեց պրոֆեսոր Ն․ Հովհաննիսյանը։ Վերջինիս ջանքերով հիմք դրվեց «Արևելաասիական ուսումնասիրություններ» ժողովածուի հրատարակչությանը, որի առաջին հատորը լույս տեսավ 2009 թ․։ Մինչև այժմ լույս է տեսել հինգ հատոր։ 2014-2016 թթ․ բաժնի վարիչ է եղել արևելագետ, դիվանագետ Արմեն Բայբուրդյանը։ 2016 թ․ բաժինը, ընդլայնելով իր ուսումնասիրությունների հորիզոնը և ներառելով իր մեջ գիտական կարևորության այլևայլ հարցեր, ինչպիսիք են՝ էներգետիկ և միջազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների կերպափոխումներին ու Հայաստանի հարակից երկրներին առնչվող խնդիրներ վերնանվանվեց «Միջազգային հարաբերությունների և տարածաշրջանագիտության» բաժին, այնուհետև՝ «Միջազգային հարաբերությունների» բաժին, որի վարիչ նշանակվեց պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն․ Հովհաննիսյանը։ 2021 թ. ընթացքում Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչի պաշտոնակատարներ են եղել պ․գ․թ․Աղավնի Հարությունյանը և պ․գ․թ․ Եվա Հարությունյանը։ 2022 թ․-ից բաժինը ղեկավարում է պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը։
Բաժնի գիտաշխատողները պարբերաբար գործուղվել են միջազգային տարբեր գիտահետազոտական կենտրոններ, այդ թվում՝ Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր Արևելք և այլն, ունեն լայն կապեր օտարերկյա գործընկերների հետ, հրատարակել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ։
Ներկայումս Միջազգային հարաբերությունների բաժինը ինստիտուտի առաջատար բաժիններից մեկն է, որի ուսումնասիրության թիրախում են արդի Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Աֆղանստանը, Հարավային Կովկասը, Ծոցի տարածաշրջանը, Կասպյան ավազանը և անդին։ Բաժնի նպատակն է՝ ուսումնասիրել միջազգային հարաբերություններում մարտահրավերներ ձևավորող ամենաբարդ խնդիրներն ու առկա միտումները, ինչը շահեկան է ՀՀ արտաքին քաղաքականության ասիական, կովկասյան և մերձավորարևելյան ուղղությունների տեսական և գործնական կողմերը մշակելու առումով։ Ավելի լայն իմաստով, բաժնի ուսումնասիրության հիմքում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների և դրանց ազդեցությամբ ձևավորված աշխարհն է և դրա մասին ընդլայնված պատկերացումը։ Միջազգային հարաբերությունների բաժնի խնդիրներից է նաև ընդլայնել համագործակցությունը ասիական գործընկերների հետ և կառուցողական ազդեցություն ունենալ ազգային և անդրազգային մակարդակներում: Բաժինն աջակցում է ՀՀ-ում գիտական և հանրային դիվանագիտության զարգացմանը, պատրաստում է գիտական կադրեր նշված ուղղություններով, կազմակերպում է կլոր-սեղան քննարկումներ, աշխատաժողովներ և միջազգային գիտաժողովներ: Բաժինը՝ որպես ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ստորաբաժանում, համագործակցում է ՀՀ պետական կառույցների, գիտահետազոտական և գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։
Հարությունյան Եվա Վիկտորի
Գիտքարտուղար
պատմական գիտությունների թեկնածու
Կարդալ ավելին
Փաշայան Արաքս Ասատուրի
Բաժնի վարիչ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարդալ ավելին
Հարությունյան Աղավնի Ալեքսանդրի
Առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
Կարդալ ավելին
Մանվելյան Արմեն Բախշիի
Ավագ գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
Կարդալ ավելին
Նավասարդյան Նազելի Սերժիկի
Ավագ գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարդալ ավելին
Աբաջյան Արամ Աշոտի
Գիտաշխատող
Կարդալ ավելին
Ղահրիյան Մուշեղ Հայկազնի
Գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
Կարդալ ավելին