

Ապրիլի 29-ին Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան և ցեղասպանագիտության առաջատար մասնագետ Թաներ Աքչամը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ներկայացրեց իր նոր գիրքը՝ «Ցեղասպան պետության ակունքները. Ապարտեիդի հարյուր տարին»։ Հեղինակի դասախոսության ընթացքում ներկայացվեցին Թուրքիայում ձևավորված պետական համակարգի կառուցվածքային խտրականության նոր ու կարևոր բացահայտումներ։
Աքչամը, որն առաջին թուրք գիտնականներից է, ով հրապարակայնորեն ճանաչել և ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը, իր նոր գրքում անդրադառնում է մի փաստաթղթի, որը 2013թ․ հրապարակվել էր «Ակօս» շաբաթաթերթում։ Այդ փաստաթղթի համաձայն՝ Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրումից ի վեր ներդրել էր քաղաքացիների գաղտնի կոդավորման համակարգ․ հույները ծննդյան վկայականում ստանում էին «1» կոդ, հայերը՝ «2», հրեաները՝ «3»։ Այս թվերը, ըստ Աքչամի, միտված են եղել քրիստոնյաներին համակարգված կերպով դուրս մղելու պետական համակարգից։
«Կարևոր չէ, թե ինչ անուն ունես կամ իսլամ ես ընդունել։ Եթե ունես «երկրորդ կոդ», քո առջև փակ են պետական բարձր պաշտոնները՝ Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, բանակ, անվտանգություն»,- նշել է Աքչամը՝ ցուցադրելով արխիվային փաստաթղթեր։
Աքչամը նշում է երեք հիմնական պատճառ, թե ինչու է Թուրքիան շարունակում ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Առաջինը՝ փոխհատուցման վախն է․ ցանկացած ճանաչում, եթե այն նույնիսկ չի անվանվում ցեղասպանություն, կարող է իրավական հետևանքներ ունենալ։ Երկրորդ պատճառը կապված է թուրքական ինքնության հետ․ Թուրքիայի հիմնադիր գործիչների մի մասը ներգրավված է եղել ցեղասպանության գործընթացում կամ հարստացել է բռնագրավված հայկական ունեցվածքի հաշվին։ Երրորդ՝ Թուրքիայի Հանրապետության պետական համակարգը կառուցվել է այն նույն վարչական և գաղափարական համակարգի հիմքի վրա, որն իրականացրել էր ցեղասպանությունը։
Դասախոսությանը ներկա էին ինստիտուտի գիտաշխատողները և ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչները։ Սահիկաշարից հետո հնչեցին տարբեր հարցեր, որոնց շուրջ ծավալվեցին բազմակողմանի քննարկումներ։