

Ապրիլի 30-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հյուրընկալվեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Արմեն-Կլոդ Մութաֆյանը։ Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Մութաֆյանը հանդես եկավ «Հին Հայաստանը սկզբնաղբյուրներում» թեմայով գիտական զեկույցով:
Զեկույցի հիմքում ընկած էին օտարալեզու սկզբնաղբյուրների այն արժեքավոր տեղեկությունները անտիկ Հայաստանի և հայերի մասին, որոնք հեղինակը ամփոփել է «L'ARMENIE ANTIQUE: Une histoire politique (jusqu'au Ve siècle)» («Հին Հայաստան. Քաղաքական պատմություն (մինչև 5-րդ դար)») իր գրքում, որը պետք է լույս տեսնի այս տարի: Գիտնականի բանավոր խոսքը զուգակցված էր հարուստ դիդակտիկ նյութով՝ պատմական քարտեզներով, գծանկարներով և սկզբնաղբյուրների յուրօրինակ վերլուծությամբ։
Հիմնականում ֆրանսիախոս ընթերցողներին ուղղված այս կարևոր աշխատությունը համապարփակ կերպով ներկայացնում է Հին Հայաստանի քաղաքական պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև քրիստոնեության պետականորեն ընդունումը և Արշակունիների թագավորության անկումը (428 թ․):
Գրքում մանրամասն լուսաբանվում են հետևյալ թեմաները՝
- Հայաստանի տեղը հնագույն աշխարհում - Արարատ լեռան և Եդեմի հետ կապված ավանդույթները
- Հայ ժողովրդի և մշակույթի ձևավորումը - Հայկ նահապետի կարևոր դերը
- Ուրարտուի թագավորության պատմությունը - ծագումը, ծաղկումը և անկումը
- Պարսկական տիրապետության շրջանը - Հայաստանը Աքեմենյան կայսրության կազմում
- Հայկական թագավորական դինաստիաները - Երվանդունիներ, Արտաշեսյաններ և Արշակունիներ
- Միջազգային հարաբերությունները - Հայաստանի քաղաքական և մշակութային կապերը Հռոմի, Պարթևների և Սասանյանների հետ
- Քրիստոնեության ազդեցությունը - դրա տարածումը, պետական կրոն հռչակելը և հայ գրերի գյուտը
Արմեն-Կլոդ Մութաֆյանի աշխատությունը ներկայացնում է Հայաստանը որպես կարևոր ռազմավարական և մշակութային կենտրոն, որը թեև հաճախ գտնվել է հզոր կայսրությունների ճնշման տակ, սակայն կարողացել է պահպանել իր ինքնատիպ ինքնությունը դարերի ընթացքում:
Պրոֆեսոր Մութաֆյանի հետազոտական ինքնատիպ մոտեցումը թույլ է տալիս տարբեր սկզբնաղբյուրների ու ժամանակաշրջանների համակարգված համադրմամբ նորովի լուսաբանել Հին Հայաստանի քաղաքական ինքնության կազմավորումը:
Զեկույցից հետո ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու ակտիվ քննարկման՝ ուղղելով հարցեր ինչպես աղբյուրագիտական, այնպես էլ տեսական բնույթի: Միջոցառումը վկայեց հայկական հնագիտության և վաղ պատմության հանդեպ առկա աճող հետաքրքրության մասին փաստը:
Լույս ընծայվելիք գիրքը կարևոր ներդրում է ունենալու Հայաստանի հնագույն պատմության միջազգային հանրահռչակման գործում: