ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Հունիսի 2-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Ինքնության փոխակերպումները Թ-ԺԴ դարերի Մերձավոր Արևելքում (հայկական ֆենոմեն)» խորագրով սեմինար-աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր ինստիտուտի Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի կողմից՝ գիտական ղեկավար Ազատ Բոզոյանի ղեկավարությամբ:

Աշխատաժողովում իր ուրույն տեղն էր զբաղեցնում պրոֆեսոր Սերջիո Լա Պորտայի մասնակցությունը ոչ միայն գիտական փորձի փոխանակման, այլև միջազգային համագործակցության խթանման և ծրագրի գիտակազմակերպչական ներուժի ամրապնդման տեսանկյունից: Նա ժամանել էր Ֆրեզնոյի պետական համալսարանից որպես ծրագրի շրջանակում ներգրավված արտասահմանյան խորհրդատու: Հայկական բանասիրության և միջնադարյան պատմության ճանաչված մասնագետ Լա Պորտան իր զեկույցում՝ «The Missionary and the Martyr: Contested Identities in Medieval Armenia», անդրադարձավ միջնադարյան հայկական պատմագրության և վարքագրական աղբյուրներում կրոնական քարոզիչների ու նահատակների կերպարների շուրջ ձևավորված ինքնության բարդ ու երբեմն հակասական դրսևորումներին: Զեկույցում հատկապես ընդգծվեց, թե ինչպես այս կերպարները նպաստել են հայկական հոգևոր ինքնության և պատմական հիշողության կառուցման գործընթացին:

Ազատ Բոզոյանը (Արևելագիտության ինստիտուտ) իր «Ինքնության խնդիրների արծարծումը մատենագրական հուշարձաններում» զեկուցման մեջ ցույց տվեց, թե ինչպես են միջնադարյան հայ մատենագիրները իրենց երկերում արծարծել ազգային և կրոնական ինքնության հարցերը՝ ներկայացնելով դրանց էվոլյուցիան տարբեր պատմական շրջանների ընթացքում:

Շավարշ Ազատյանը (Պատմության ինստիտուտ) «Քաղաքային կյանքը Հայաստանում մոնղոլական տիրապետության շրջանում» զեկուցման շրջանակում մանրամասն քննեց հայկական վկայաբանությունների հիման վրա այդ ժամանակահատվածի սոցիալական կառուցվածքի փոփոխությունները և քաղաքային բնակչության ինքնության կրած ձևափոխումները:

Երկրորդ նիստում Գագիկ Դանիելյանը (Մատենադարան) հետաքրքրական հարց բարձրացրեց իր «Մոսուլի սուլթան Բադր ալ-Դին Լուլուն. իսլամացած հա՞յ, թե՞ ծպտյալ քրիստոնյա» զեկուցման մեջ՝ քննելով այս պատմական դեմքի էթնիկ և կրոնական պատկանելության բարդ հարցը և ցույց տալով, թե ինչպես միջնադարյան Մերձավոր Արևելքում անձինք կարող էին ունենալ բազմաշերտ ինքնություն:

Տիգրան Սիրունյանը (Մատենադարան) «Լեզվական ազդեցություններ. ունիթորների ստեղծած երկերի լատինաբանությունները» զեկուցման շրջանակում ցույց տվեց, թե ինչպես են հայ ունիթոր հեղինակները իրենց գրական ստեղծագործություններում օգտագործել լատինական տերմինաբանություն և ինչ ազդեցություն է այն թողել հայկական գրական լեզվի զարգացման վրա:

Գաբրիել Նահապետյանը (Արևելագիտության ինստիտուտ) իր «Ինքնության յուրօրինակ կերպի ձևավորման նախադրյալները պավլիկյան համայնքներում» վերնագրով զեկույցում խորությամբ անդրադարձավ պավլիկյան շարժման կրոնական և սոցիալական բնույթին։ Նա վերլուծեց այն հիմնական նախադրյալները, որոնք նպաստել են այս համայնքներում ինքնության յուրահատուկ մոդելի ձևավորմանը՝ հիմնված դավանական առանձնահատկությունների, սոցիալական մեկուսացման և քաղաքական զարգացումների փոխազդեցության վրա։ Ինքնության ձևավորման գործընթացը դիտարկվեց որպես պատմական շարունակականություն, որը հասել է մինչև 20-րդ դար՝ հնարավորություն տալով վերհանել ինքնության վերակառուցման մի շարք պատմական դրսևորումներ։

Աշխատաժողովը, որը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր 2025» մրցույթի շրջանակներում, ավարտվեց արդյունակետ քննարկումներով, որտեղ մասնակիցները համադրեցին իրենց հետազոտությունների արդյունքները և գծեցին հետագա ուսումնասիրությունների ուղղությունները: