ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի հունիսի 10-ին Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին և ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության երկրորդ քարտուղար Տաթևիկ Մկրտչյանին։ Այցի ընթացքում քննարկվեցին գիտական և դիվանագիտական համագործակցության ամրապնդման հեռանկարները։

Հանդիպման առանցքում էին երկուստեք համագործակցության խորացման անհրաժեշտությունը, առկա կապերի զարգացումը, ինչպես նաև մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը։

Ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն իր խոսքում անդրադարձավ ԱԳՆ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ կարևորելով համատեղ միջոցառումների իրականացման լավ ավանդույթը, Արևելագիտության ինստիտուտի կողմից գիտական դիվանագիտության մեջ ունեցած ուրույն ներդրումը, ԱԳՆ-ում քաղաքական վերլուծությունների կազմման աշխատանքներում աջակցելու պատրաստակամությունը։ Նա նաև նշեց Դիվանագիտական դպրոցում Արևելագիտության ինստիտուտի գիտական ներուժի ներգրավման հնարավորությունը՝ որպես գիտության և դիվանագիտության փոխլրացնող ներուժի արդյունավետ օգտագործման կարևոր պայման։

Դավիթ Կարապետյանը հաստատեց ԱԳՆ-ի և գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապի և փոխկապակցված գործունեության անհրաժեշտությունը՝ կարևորելով քաղաքական վերլուծությունների (policy paper) պատրաստման, ինստիտուտի մասնագիտական ներուժի և գիտելիքի փոխանակման դերը։ Նշվեց, որ նման համագործակցությունը կարող է նպաստել նախարարության և գիտական հաստատությունների փոխշահավետ ու նպատակային գործընկերությանը։

Երկուստեք ընդգծվեց, որ անհրաժեշտ է ձևավորել մշտական համագործակցության մեխանիզմներ՝ նպատակաուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնագետների փոխայցերին և վերլուծական նյութերի փոխանակմանը։

Գլխավոր քարտուղար Կարապետյանը շեշտեց, որ գիտահետազոտական ինստիտուտների հետ կապերը խորացնելու և բազմաբովանդակ դարձնելու նպատակով անհրաժեշտ է մշակել  փոխգործակցության հստակ մեխանիզմ։

Ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց վերջին շրջանում Ինստիտուտում տեղի ունեցած դրական փոփոխությունները, մասնավորապես, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների կողմից վերջին շրջանում Միջազգային գիտական շտեմարաններում տպագրված հոդվածների կարևորությունը, Իրանի, Թուրքիայի և Միջազգային հարաբերությունների բաժինների ամբողջական վերանորոգումը և վերակահավորումը, ինչն էականորեն նպաստում է գիտական գործունեության արդյունավետությանը և նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր համագործակցությունների ձևավորման համար։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, ով կարևորեց նմանատիպ հանդիպումների իրականացման պարբերականությունը, խոսելով գիտական դիվանագիտության կարևորության մասին։ Նա ընդգծեց միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը և տարբեր երկրների գիտակրթական ու վերլուծական ինստիտուտների հետ սահուն ու շարունակական համագործակցության հաստատման անհրաժեշտությունը։ Արաքս Փաշայանի խոսքով՝ ժամանակակից միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացումը պահանջում է ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդում, ինչին կարող է նպաստել երիտասարդ արևելագետների ակտիվ ներգրավվածությունը միջազգային գիտական հարթակներում։

Հանդիպումն ամփոփվեց համատեղ նախաձեռնությունների շուրջ հետագա գործնական քայլերի հստակեցման հանձնառությամբ։ Այցի ընթացքում կատարվեց շրջայց Արևելագիտության ինստիտուտում։