ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
2025 թ․ հուլիսի 31-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ էր այցելել բենգալացի հնդիկ պատմաբան-հայագետ, Գյոթինգենի համալսարանի (Georg-August-Universität Göttingen) ավագ գիտաշխատող տիկին Վասվատի Վատտաճարյանը (Bhaswati Bhattacharya), որը այս օրերին Երևանում իրականացնում է գիտական հետազոտություն։
Հանդիպումը տեղի է ունեցել ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնում։ Բաժնի ղեկավար Արաքս Փաշայանը հյուրին ներկայացրել է ինստիտուտի պատմությունն ու հիմնական գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ հնդկական կողմի հետ հաստատված համագործակցությունը։ Քննարկվել են նաև գիտական դիվանագիտության կարևորությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանում Հնդկաստանի մասին առկա պատկերացումները։
Ինստիտուտի առաջատար գիտաշխատող Աղավնի Հարությունյանը ներկայացրել է ասիական ուսումնասիրությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով հանրային դիվանագիտության և մարդկային շփումների դերը գիտական համագործակցության զարգացման գործում։
Տիկին Վատտաճարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ամփոփ ներկայացրել իր ներկայիս գիտական ուսումնասիրությունը, որն առնչվում է Ջուղայի հայտնի վաճառական տոհմերից մեկի՝ Վելիջանյանների պատմությանը։ Նա հատկապես անդրադարձել է Խոջա Պետրոս Վելիջանյանին՝ 17-րդ դարի ականավոր առևտրականին, որը 1627 թվականին կառուցել է Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին («Մեյդանի Բեթղեհեմը», ներկայումս պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին), ինչպես նաև՝ նրա ազգական Ոսկան Վելիջանյանին։
Տիկին Վատտաճարյանը նշել է, որ խորապես տպավորված է Արևելագիտության ինստիտուտի այցով և հույս է հայտնել, որ համագործակցությունը ապագայում կընդլայնվի։