

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ համագործակցային նշանակալի միջոցառում՝ միավորելով գիտական, կրթական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։ Այս հանդիպումը կազմակերպվել էր Արևելագիտության ինստիտուտի կողմից ոչ միայն գիտական գրականության նվիրաբերման, այլև ապագա համագործակցությունների ձևավորման և գիտության տարածման նպատակով։
Ինստիտուտը շուրջ 100 անուն գիտական գրականություն է նվիրաբերել հետևյալ բուհերին՝
- Շիրակի պետական համալսարան
- Գավառի պետական համալսարան
- Վանաձորի պետական համալսարան
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Նույնքան գրականություն տրամադրվել է նաև Կաճառ գիտական կենտրոնին, որը երկար տարիներ գործել է Շուշիում, իսկ այժմ՝ Երևանում։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, Ինստիտուտի կողմից հրատարակված ողջ գրականությունը թվայնացված է և տեղադրված է ինստիտուտի պաշտոնական կայք էջում։
Ըստ տնօրենի խոսքի այս միջոցառումը Արևելագիտության ինստիտուտի որդեգրած լայնամաշտաբ ռազմավարության մի մասն է՝ ուղղված ակադեմիական համագործակցության խորացմանն ու գիտելիքի հասանելիության ապահովմանը ամբողջ Հայաստանի տարածքում։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գ․Իսկանդարյանը նշեց, որ ինստիտուտն ունի իրական ներուժ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար․
- Վարպետաց դասեր մարզային բուհերի դասախոսների համար
- Ուսանողների համար մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ
- Պրակտիկայի հնարավորություններ՝ Արևելագիտության ինստիտուտում
- Երիտասարդների խրախուսում՝ մասնակցելու ամենամյա «Երիտասարդ արևելագետների գիտաժողովին»
Այս նախաձեռնությունների նպատակը մեկն է՝
Տարածել գիտելիքը և ձևավորել համահունչ, հավասարաչափ գիտակրթական միջավայր ամբողջ երկրում։
Նախագծին զուգահեռ, ինստիտուտն արդեն ունի ձևավորված համագործակցություն՝
- Երևանի պետական համալսարանի
- Սլավոնական համալսարանի
- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի
- ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետ։
Արևելագիտության ինստիտուտի հիմնական ուղերձն է՝ գիտությունը պետք է ստեղծվի, տարածվի և ծառայի հանրությանը՝ անկախ աշխարհագրական սահմաններից։